Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով վերջնական որոշման հրապարակումը նշանակված էր հոկտեմբերի 8-ին: Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-344-րդ հոդվածներով՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Գևորգ Մանուկյանի, որոշեց կայացնել մեղադրական վերդիկտ. Համբարձում Ներսիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված արարքը կատարելու մեջ, Գևորգ Ներսիսյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ: Դատավորը հայտնեց, որ լրացուցիչ դատալսումները տեղի կունենան հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16-ին: Նա տեղեկացրեց, որ կողմերը կարող են անհրաժեշտ նյութեր ներկայացնել մինչև նշված ժամկետը: Հիշեցնենք, որ Գեւորգ եւ Համբարձում Ներսիսյանների նկատմամբ հետապնդում էր սկսվել, երբ Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը Ֆեյսբուքում գրառում էր կատարել ու հայտնել, որ նրանք խոչընդոտել են նախընտրական քարոզչությանը։