Պատրա՞ստ է արդյոք մեր տնտեսությունը դիմակայել գազի գնի բարձրացման հարվածին, և ինչի՞ կարող է դա հանգեցնել։ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 20-ի նիստում ԿԲ խորհրդի անդամի թեկնածու Սևակ Միքայելյանին նման հարց է ուղղել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Պատգամավորը, մասնավորապես, ընդգծել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից գազի գինն ինքնաբերաբար չի կարող նույնը մնալ։
«Պետք է բանակցություններ լինեն, որոնց արդյունքներով էլ կորոշվի՝ գազի գործող սակագինը կպահպանվի՞, թե՞ ոչ»,— պարզաբանեց պատգամավորը։
Սևակ Միքայելյանն իր հերթին նշեց, որ Կառավարության գործընկերներն այդ ռիսկերը հաշվի են առել պետական բյուջեի ձևավորման փուլում։ Ուստի հնարավոր թանկացման պարագայում նրանք կկարողանան նվազագույնի հասցնել հավանական բացասական հետևանքները։
«Կենտրոնական բանկի տեսանկյունից այստեղ ամենակարևորը գնաճային ճնշումն է։ ԿԲ-ն պետք է հետևի համապատասխան փոփոխություններին։ Կենտրոնական բանկի խնդիրն է՝ տոկոսադրույքի վերաբերյալ որոշումներ կայացնելիս, սցենարային վերլուծության շրջանակում, հաշվի առնել նաև այս սցենարը և առկա գործիքակազմի օգնությամբ հասնել նրան, որ միջնաժամկետ հատվածում այն գնաճի վրա այնպիսի ազդեցություն չունենա, որը կհանգեցնի նպատակային միջակայքից շեղման»,— ասաց թեկնածուն։