Արտաշատի քաղապետի թեկնածու, դաշնակցական գործիչ Գերասիմ Վարդանյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի վերջին մեկ օրվա ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է.
«Ուրեմն, լսի՛ր, Նիկոլ Փաշինյա՛ն։
Եթե դու վստահ չէիր քո թեկնածուի վրա, բայց, այնուամենայնիվ, քաղաքապետի թեկնածու ես առաջադրել մի մարդու, որին ուղարկում ես Հանրային հեռուստաընկերություն, ապա ինչո՞ւ ես նրա՝ բանավեճում պարտվելուց հետո ինքդ սկսում ուղիղ եթերներ մտնել հեռակա բանավեճ վարել իմ դեմ։
Երեկվանից քանիերորդ լայվդ ես անում, քանիերորդ ստատուսդ գրում՝ իմ հասցեին, ընտանիքիս անդամի հասցեին, իմ ուժի հասցեին։
Ուրեմն, ես քեզ եմ հրավիրում բանավեճի։ Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես։
Ես դիմում եմ Հանրային հեռուստաընկերությանը՝ խնդրելով բանավեճի եթերաժամ տրամադրել ինձ և Նիկոլ Փաշինյանին, որպեսզի մենք բանավիճենք Հանրայինի ուղիղ եթերում։
Դու մարդկանց բանեվեճի հրավիրելով՝ հայտարարում ես տղա եք, եկեք։ Հիմա ես եմ քեզ հրավիրում, արի՛ բանավեճի, բոլոր հարցերի պատասխանները ուղիղ եթերով կստանաս»։
Նշենք, որ երեկվանից Նիկոլ Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հայտարարություններ է հնչեցնում։ Այսօր նա մասնավորապես գրել էր.
«Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը եւ ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ։
Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴ թեկնածուի կինը՝ 2022 թվականի մարտ ամսից աշխատում է Միասնական սոցիալական ծառայությունում, որպես ավագ մասնագետ։
Եւ այս թեկնածուն, իր կուսակիցներն ու համախոհները մեզ մեղադրում են քաղաքական հայացքների պատճառով մարդկանց աշխատանքից ազատելու մեջ։ Ի դեպ, տվյալ թեկնածուն երկու քրեական գործերով ամբաստանյալ է։
Ասեմ ավելին, նման մարդկանց պետական համակարգում ընդգրկված լինելը շատերին հիմք է տալիս մտածելու, որ մենք Ռոբի, Սերժի, դաշնակների, կալուգացիների հետ գաղտնի կապի մեջ ենք։
Շատերն են ասում, որ Հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են իշխանության։
Հիմա ես ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե պահեմ»։