ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է իր առնչությունը Ուկրաինայի կողմից օգտագործվող Starlink արբանյակային կապի և դրա ռազմական նշանակության Starshield ծառայության աշխատանքի դանդաղեցմանը։Հաղորդում է Reuters գործակալությունը:
«Ես ներգրավված չեմ եղել։ Չգիտեմ՝ ով է դա արել, բայց ես ներգրավված չեմ եղել», – ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկն անձամբ է հրահանգել դանդաղեցնել ծառայությունների աշխատանքը։
The Wall Street Journal-ը հոկտեմբերի 20-ին հաղորդել էր, որ Մասկը հրահանգել է դանդաղեցնել Starshield-ի աշխատանքը, որի վրա Ուկրաինան ապավինում է Ռուսաստանի հրթիռային հարձակումներից պաշտպանվելու համար։
Օրեր առաջ Մասկը հայտարարել էր, որ Starshield ծառայությունը վերահսկվում է ԱՄՆ կառավարության կողմից, և որ արագության կամ օգտագործման ցանկացած սահմանափակում որոշում է ԱՄՆ կառավարությունը:
Starlink-ը կենսական նշանակություն ունեցող գործիք է, որը Կիևին թույլ է տալիս անօդաչու թռչող սարքերն ուղղորդել դեպի ռուսական թիրախներ, ինչպես նաև պաշտպանել սեփական օդային տարածքը։