Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը

կողմից admin3

Կարգալույծ նախկին քահանա Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Հովհաննավանքի քահանա Տեր Սարգիսն ասել է, որ Ստեփան Ասատրյանը ոչ միայն չի հեռացել եկեղեցուց, այլ նաև ոստիկաններն են շարունակում հսկողությունը եկեղեցու տարածքում։

«Մենք պատրաստվում ենք հանդիպել փաստաբանների հետ, որպեսզի հասկանանք այս վճռի հետևանքները, հասկանանք, թե այս վճիռն ինչ է մեզ տալիս։ Բացառված չէ, որ իրենք բողոքարկեն այս որոշումը Վճռաբեկ դատարան, այսինքն՝ հանգամանքները տարբեր են, ու մենք պետք է հասկանանք մեր անելիքները։

Իհարկե, նա չի ազատել վանքը, ոստիկաններն էլ 24-ժամյա հսկողության ներքո են պահում իրեն։

Փաստացի, դատարանը նրանց հայցը կարճել է՝ համարելով դա Հայ եկեղեցու ներքին գործ։ Բայց նաև Մայր Աթոռի կողմից է հայց ներկայացված նրանց դեմ՝ Հովհաննավանքն ու Մայր Աթոռին պատկանող տներն ազատելու պահանջով։ Այդ հայցով դեռ քննարկում չի եղել և վճիռ չի կայացվել։ Հիմա մենք պիտի հասկանանք, թե այս վճռից ինչ է բխում»։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել, ըստ որի՝ կարգալույծ նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանին (նախկինում՝ Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանին (նախկինում՝ Տեր Թադե) կարգալույծ հռչակելու մասին Վեհափառի տնօրինությունն անվավեր ճանաչելու հարցը դատական քննության ենթակա չէ։ Դատարանն այդ հիմքով կարճել է գործերի վարույթները՝ վերացնելով Ասատրյանի՝ Սուրբ Հովհաննավանքի, և Թախմազյանի՝ Թալինի եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնավարումն ապահովելու համար ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցները։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode