Միջնորդել է Մելանյա Թրամփը․ ռուս-ուկրաինական պատերազմ

կողմից admin3

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են հոկտեմբերի 29-ից ժամանակավորապես դադարեցնել ռազմական գործողությունները ուկրաինական Օլեշկի քաղաքում՝ մարդասիրական օգնություն մուտքը և խաղաղ բնակիչների տարհանումն ապահովելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։

«Օլեշկիում իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Օլեշկին առաջնագծում գտնվող պատերազմական քաղաք է, որը աղետի եզրին է», – հայտարարել է Մելանյա Թրամփը՝ հավելելով, որ քաղաքում մնացած բնակչության մեծ մասը տարեցներ են, որոնք հրատապ բժշկական օգնության, դեղորայքի, սննդի և մաքուր ջրի կարիք ունեն։

ԱՄՆ առաջին տիկինը և նրա ներկայացուցիչն անմիջականորեն աշխատել են Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարությունների հետ՝ տեղային հրադադարի պայմանները սահմանելու համար։ Ըստ հաղորդագրության՝ առաջին տիկինը երկու երկրի հետ նախաձեռնել է քննարկումներ և կողմերի միջև համաձայնություն է ապահովել համաձայնագրի նպատակների, տեխնիկական ընթացակարգերի, ժամկետների, գործընթացների և պայմանների շուրջ։

Համաձայնագրով նախատեսվում է անվտանգ միջանցքի ստեղծում և տարհանվողների տեղափոխում նրանց նախընտրած ուղղությամբ՝ Ռուսաստան կամ Ուկրաինա։

Օլեշկին գտնվում է Ուկրաինայի հարավում՝ Խերսոնում, Դնեպրի ափին։ Մինչև պատերազմը քաղաքն ուներ շուրջ 24 000 բնակիչ, իսկ այժմ այնտեղ, ըստ գնահատականների, մնացել է 1700–2000 մարդ, այդ թվում՝ մոտ 50 երեխա։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode