Սպանողի ընտանիքը թանկարժեք 3 մեքենա է գնել․ մանրամասներ Աբրահամյանի որդու՝ սպանություն պատվիրելու քրվարույթից

կողմից admin2

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից 2023 թվականի ապրիլի 30-ին Ս. Վ.-ի սպանությունը պատվիրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

«Նախաքննության ընթացքում վերոնշյալ ենթադրյալ հանցանքի կատարման համար Ա. Ա.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (պատվերով սպանություն կատարելուն դրդելը): Վերջինս կալանավորված է:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ս. Վ.-ին կյանքից զրկած Գ. Հ.-ի կալանավորումից կարճ ժամանակ անց վերջինիս ընտանիքի ապրելակերպն ու ֆինանսական դրությունն էականորեն բարելավվել է, այդ թվում՝ ձեռք են բերվել և ներկայումս առկա են թանկարժեք երեք տրանսպորտային միջոցներ այն դեպքում, երբ ընտանիքի կերակրողը եղել է կալանավորված, իսկ մյուս անդամները եկամուտ գրեթե չեն ունեցել:

Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա. Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ Ս․ Վ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու համար Գ. Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը), իսկ 2024 թվականի ապրիլին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան»,- ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode