Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ Սահմանադրության փոփոխության նախագծի հրապարակմանը։ Քըլըչը գովաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գրելով. «Ինչպես միշտ ասել եմ, պարոն Նիկոլ Փաշինյանը կառուցողական և անկեղծ գործընկեր է ոչ միայն Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, այլև տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման հարցում»։
«Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրությունում. Թուրքիայի հետ տարաձայնությունների կետը հանվել է։ Ինչպես միշտ ասել եմ՝ պարոն Նիկոլ Փաշինյանը կառուցողական և անկեղծ գործընկեր է ոչ միայն ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի, այլև տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման համար»,- գրել է Քըլըչը և հրապարակել թուրքական Sabah-ի հոդվածը ՀՀ-ում Սահմանադրական փոփոխությունների մասին «Հայաստանի Սահմանադրության մեջ պատմական փոփոխություն․ հանվել է Թուրքիայի հետ տարաձայնությունների պատճառ դարձած ձևակերպումը» վերնագրով։
Հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստանի կառավարությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը։
Նախագծում որևէ հղում չկա «1990 թվականի օգոստոսի 23-ի Հայաստանի անկախության հռչակագրին», ինչպես նախկինում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշվում է, որ Հայաստանի գործող Սահմանադրության նախաբանում հղում է կատարվում Անկախության հռչակագրին, որը «պահանջներ է պարունակում Թուրքիայի և Ադրբեջանի տարածքների մի մասի նկատմամբ»։
Հոդվածում նաև խոսվում է Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդին ուղղված ուղերձի մասին, ներկայացվում են դրա մի շարք կետեր, այդ թվում՝ Հայաստանի ընդդիմությանն ուղղված առաջարկությունը, որ հրաժարական կտա վարչապետի պաշտոնից, եթե Սահմանադրության նախագիծը մերժվի հանրաքվեի ժամանակ, միաժամանակ, չի լինի վարչապետի թեկնածու հաջորդ ընտրություններում, եթե այն ընդունվի։