Ամուլսարի դեմ պայքարը շարունակվում է

կողմից admin2

Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաները չեն դադարել։ Այս պահին փորձագետներն աշխատում են իրավական, տնտեսական և բնապահպանական ուղղություններով։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասել է բնապահպան Սիլվա Ադամյանը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 19-ին մի խումբ բնապահպաններ COP17-ի շրջանակում բողոքի ակցիա էին իրականացրել Մարզահամերգային համալիրի բակում՝ փորձելով 196 երկրներից Հայաստան ժամանած պատվիրակությունների, պետությունների ղեկավարների և նախարարների ուշադրությունը հրավիրել Ամուլսարի հանքի շահագործման ռիսկերին։ Դրանից հետո բնապահպանները շարունակել են բողոքի և իրազեկման ակցիաները։

Սիլվա Ադամյանի խոսքով՝ պայքարը շարունակվելու է մի քանի փուլով՝ «Իմ սիրտը լեռներում է» նախաձեռնության շրջանակում։

«Այնպես չէ, որ ամեն ինչ ավարտվել է։ Մի քանի ուղղություններով ենք աշխատելու՝ իրավական, տնտեսական և շրջակա միջավայրի հետ կապված։ Այս երեք ուղղություններով փորձագետները պետք է աշխատեն։ Առաջիկայում նախաձեռնության անդամներով առցանց հանդիպում ենք ունենալու՝ քննարկելու մեր առաջին քայլերը։ Կան բազմաթիվ մարդիկ, բնապահպաններ ու նախաձեռնություններ, որոնք միանալու են մեզ»,- ասել է Ադամյանը։

Ինչ վերաբերում է դատարան հայցեր ներկայացնելուն, բնապահպանը նշել է, որ «Իմ սիրտը լեռներում է» նախաձեռնությունը դեռևս նոր հայց չի ներկայացրել։ Նախորդ տարիներին, սակայն, նման գործընթացներ նախաձեռնել են այլ բնապահպաններ։

«Դա արել են Թեհմինե Ենոքյանը և Նազելի Վարդանյանը՝ մի քանի տարի առաջ։ Դատական գործընթացները շարունակվում են, իսկ մենք դեռ նոր հայց չենք ներկայացրել։ Նախատեսում ենք իրավական դաշտում աշխատանք տանել, բայց առայժմ հստակ քայլեր չկան»,- նշել է նա։

Անդրադառնալով COP17-ի շրջանակում իրականացված ակցիաներին և արտասահմանից ժամանած պատվիրակությունների արձագանքին՝ Ադամյանը մտահոգություն է հայտնել, որ, չնայած աջակցությանն ու համերաշխության դրսևորումներին, գործնական քայլեր չեն հաջորդել։

Նրա խոսքով՝ որոշ պատվիրակներ միացել են ակցիային, ողջունել բնապահպանների նախաձեռնությունը, սակայն Ամուլսարի խնդրի առնչությամբ որևէ լուրջ արձագանք կամ գործողություն չի եղել։ Բնապահպանները, այդուհանդերձ, դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին՝ հայտնելով, որ իրենց հետապնդում և շանտաժի են ենթարկում։ Այդ հարցով, ըստ Ադամյանի, արձագանք ստացել են։

Նա հավելել է, որ առաջիկայում նախատեսվում են տարբեր ձևաչափերով միջոցառումներ՝ ժողովներ, ֆոտոցուցահանդեսներ, ելույթներ և այլ նախաձեռնություններ, որոնց նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել Ամուլսարում տեղի ունեցող գործընթացներին։

«Այն, որ COP17-ից հետո ոչինչ չենք անում, այդպես չէ։ Բացառված է։ Աշխատելու ենք մեր ուժերի և հնարավորությունների չափով»,- եզրափակել է Սիլվա Ադամյանը։

Հիշեցնենք, որ հանքի շահագործումը դադարեցվել էր 2018 թվականին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, երբ մի խումբ բնապահպաններ փակել էին ճանապարհը, սակայն շուրջ 8,5 տարի անց՝ 2026 թվականի հոկտեմբերի 10-ին, կրկին պաշտոնապես հայտարարվեց հանքի շահագործման մասին՝ Երեւանում նախատեսված COP 17-ին ընդառաջ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode