Խաղաղության գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ է, որ խաղաղությունը դառնա դե ֆակտո իրականություն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շրջանակներում համատեղ աշխատանքը շարունակելու հնարավորությունները։ Աս մասին հայտնում է «Minval Politika»-ն:
Բայրամովն ընդգծել է, որ խաղաղության գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ է, որ խաղաղությունը դառնա դե ֆակտո իրականություն: Նա նաև նշել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսության աճող նշանակությունը և հաստատել Բաքվի պատրաստակամությունը՝ շարունակելու այդ աշխատանքը:
ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը մնում է բաց և հետևողական, ընդ որում, նրա խոսքով, գործընթացի հետագա առաջմղումը կախված է նաև այն քայլերից, որոնք պետք է ձեռնարկի Հայաստանը:
