Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց

կողմից admin2

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը կայացրել է դատարանը։

Խաչատրյանը սեպտեմբերի 1-ին ձերբակալվել էր։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա և որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում ու մասնաճյուղերում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ։ Դրանք իրականացվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Խաչատրյանի կալանքի միջնորդությունը ներկայացվել էր դատարան, իսկ գործը մակագրվել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։

Միաժամանակ, Խաչատրյանի փաստաբանական խումբը ահազանգել է նրա առողջական վիճակի մասին։ Փաստաբանների պնդմամբ՝ 71-ամյա Խաչատրյանը պատշաճ բժշկական օգնություն չի ստանում և ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգման։ Փաստաբանական կողմը նաև հրապարակել է տեսանյութեր, որոնցում երևում է, որ նրան դատարան են տեղափոխում պատգարակով։

Դատախազությունը, իր հերթին, հայտնել է, որ դատաբժշկական հանձնաժողովային նոր փորձաքննությունների համաձայն՝ Խաչատրյանը վիրահատական միջամտության կարիք չի ունեցել, իսկ դրա անհրաժեշտությունը կարող է գնահատվել ՄՌՏ հետազոտությունից հետո։ Ըստ դատախազության՝ Խաչատրյանը հրաժարվել է ՄՌՏ հետազոտությունից։

Focus Mode