ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Ստիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Մոսկվայի և Կիևի հետ քննարկել են ձմռան ընթացքում ռազմական գործողությունների դեէսկալացիային ուղղված հնարավոր քայլերը, Axios-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի փոխանցմամբ՝ Ռուսաստանը, ինչպես և նախորդ տարիներին, ծրագրում է աշնանային-ձմեռային ժամանակահատվածում ակտիվորեն հարվածել ուկրաինական էներգետիկային՝ Կիևին զիջումների մղելու նպատակով։ Այնուամենայնիվ, Զելենսկին կարծում է, որ Վլադիմիր Պուտինը «չի ցանկանում հիասթափեցնել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և «պատրաստ է քննարկել» խաղաղ բանակցությունների առաջմղմանն ուղղված գաղափարները։ Ուկրաինայի ղեկավարը հայտնել է առաջիկայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ ևս մեկ եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորության մասին։
Զելենսկին միևնույն ժամանակ ընդգծել է, որ առանցքային հարցերից մեկը շարունակում է մնալ Դոնբասի ճակատագիրը։ Financial Times-ի աղբյուրները նշում էին, որ Պուտինը ամերիկացի բանակցողների հետ հանդիպմանը նախկինի պես պնդել է ուկրաինական այդ տարածաշրջանի նկատմամբ վերահսկողությունն իրեն հանձնելու վրա, մինչդեռ Զելենսկին բացառել է տարածքային որևէ զիջում։