«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում հստակ քննարկվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականին հասնելու հետագա քայլերի հարցը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները մտադիր են տարբեր իրավական և քաղաքական մեխանիզմներով շարունակել Կաթողիկոսի հեռացման ուղղությամբ սկսված գործընթացը։
Հիշեցնենք՝ նախորդ տարվա ընթացքում իշխանությունների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակային հայտարարություններ ու պահանջներ են հնչել Կաթողիկոսի հրաժարականի վերաբերյալ։ Սակայն Գարեգին Բ-ն հրաժարական չի ներկայացրել, և եկեղեցու ղեկավարի հեռացման հարցը չի ստացել իշխանությունների ակնկալած հանգուցալուծումը։
Այժմ գործընթացը տեղափոխվում է խորհրդարան։ ԱԺ-ում իրավունքի ուժով ստեղծվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Դրա ստեղծման մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Հանձնաժողովի ձևավորման իրավական հիմքը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջն է։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը կգլխավորի հանձնաժողովը։ Նախատեսվում է, որ հանձնաժողովը կունենա 11 անդամ՝ 7-ը ՔՊ-ից, 4-ը՝ ընդդիմությունից։ Իշխանական խմբակցությունը հայտարարել է, որ ցանկանում է աշխատանքները սկսել հաջորդ շաբաթվանից։
Ուշագրավ է, թե ում է ՔՊ-ն վստահում այս գործընթացի ղեկավարումը։ Արման Եղոյանը վերջին շրջանում աչքի է ընկել խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների հետ սուր առճակատումներով։
Մասնավորապես, սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում Քրիստինե Վարդանյանի հետ բանավեճի ժամանակ Եղոյանը հայտարարել էր, որ Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը։ Այդ արտահայտությունը քննադատության էր արժանացել ընդդիմադիր պատգամավորի կողմից։
Եվ ահա այժմ հենց Եղոյանին է վստահվում եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի ուսումնասիրության խորհրդարանական գործընթացը ղեկավարելու պատասխանատվությունը»։