Եթե Ռուսաստանը որոշի Հայաստանի համար գազի գինը թանկացնել, ապա այն երկակի էֆեկտ կարող է ունենալ մեր տնտեսության համար։
Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` անդրադառնալով հարցին` արդյոք քննարկվում է գնաճային այս պրոցեսների ենթատեքստում այն, որ դիմացը ձմեռ է և բացի առևտրային սահմանափակումներից, ՌԴ–ից նաև զգուշացումներ են գալիս գազի գնի հնարավոր թանկացման մասին։
«Դրա մասին խոսվել է, ու դա երկակի էֆեկտ կարող է ունենալ, օրինակ` կարող է ունենալ առաջնային էֆեկտ, որը կարող է վերաբերել ընդհանուր գնաճի մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև այն կարող է բերել ռիսկ տնտեսության անկման հետ կապված»,– հայտարարել է Գալստյանը։
Նա նշեց, որ գազի գնի թանկացման այդ սցենարը մտքում ունեցել են, սակայն այն ավելի շատ ոչ թե Ա կամ Բ տիպի սցենար է, այլ ավելի շատ X տիպի է` ապոկալիպտիկ մի բան է ենթադրում, որին ԿԲ արձագանքը պետք է լինի ավելի ուժգին ու ոչ բնականոն։
Ինչ վերաբերում է այս ընթացքում ՀՀ դրամի արժևորմանը, ապա Գալստյանի խոսքով` մեզ մոտ փոխարժեքն արժևորվել է, սակայն շատ չափավոր, և թեև կա կապիտալի հսկայական ներհոսք, այն հիմնականում արտացոլվում է մեր ռեզերվներում ու շուկայի վրա դրանք շատ մեծ ազդեցություն չեն ունենում։
Մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: Նամակում ասվում է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, ռուսական կողմը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել 2013թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:
Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177 դոլարով։ Միևնույն ժամանակ, գազի արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար: