Մոսկվայում սկսվել է «Սպայկա-Ռուս» ՍՊԸ-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի և Արայիկ Սարուխանյանի գործով հեռակա դատավարությունը։ Ընկերությունը Հայաստանում մրգի և բանջարեղենի խոշոր արտահանողներից մեկի՝ «Սպայկա»-ի ռուսական դուստր ընկերությունն է։
Ռուսական քննության վարկածով՝ Ղազարյանն ու Սարուխանյանը կեղծ պայմանագրերի միջոցով Ռուսաստանից դուրս են բերել շուրջ 44 միլիարդ ռուբլի, խուսափել մոտ 5 միլիարդ ռուբլու ԱԱՀ վճարումից և օրինականացրել ստացված միջոցները։
Քննության տվյալներով՝ 2015-2018 թվականներին պայմանագրերով նախատեսված ապրանքների արժեքի ընդամենը 2 տոկոսի չափով արտադրանք է փաստացի մատակարարվել Ռուսաստան, իսկ երկրից դուրս բերված գումարների մի մասը հետագայում ներդրվել է բաժնետոմսերում։
Քրեական գործը հարուցվել է դեռևս 2019 թվականին։ Նախաքննությունը երկու անգամ կասեցվել է, իսկ 2026 թվականի օգոստոսին գործը փոխանցվել է դատարան։
2025 թվականի մարտին Ղազարյանին և Սարուխանյանին հեռակա մեղադրանք է առաջադրվել, և նրանք հետախուզման են հայտարարվել։ Քննությունը Ղազարյանին համարում է ենթադրյալ սխեմայի կազմակերպիչ, իսկ Սարուխանյանին՝ կատարող։
Ավելի վաղ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել նաև շուրջ 17 միլիոն դոլարի հարկեր չվճարելու համար, սակայն վնասը փոխհատուցելուց հետո նրա նկատմամբ այդ քրեական հետապնդումը դադարեցվել էր։