Լավրովը կասկածի տակ է դրել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիության ղեկավարությունը, իր գնահատմամբ, կարող է մոլորեցնել Երևանին՝ Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարների հարցում։
«Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է Հայաստանը հայտնվել ԵՄ-ում, որտեղ Թուրքիայի և Սերբիայի նման երկրներ տասնամյակներ շարունակ հերթի մեջ սպասում են»,— ասել է Լավրովը։
Ռուսաստանի արտգործնախարարը նախկինում ևս քննադատել է Հայաստանի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման քաղաքականությունը։ Սեպտեմբերի սկզբին նա հայտարարել էր, որ, իր համոզմամբ, Հայաստանում և Սերբիայում ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը շուտով կարող է նվազել։
Միևնույն ժամանակ, ԵՄ կառույցները վերջին շրջանում շարունակում են խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը։ Սեպտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանը հավանություն է տվել Հայաստանից ԵՄ արտահանվող ապրանքների լայն շրջանակի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը։