Մանուկ Բարսեղյանն ընտրվել է

կողմից admin3

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում անցկացված ասոցացված անդամների ընտրությունների արդյունքում «Ֆիզիկա և հարակից գիտություններ» բնագավառում ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամ է ընտրվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Մանուկ Բարսեղյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մանուկ Բարսեղյանը շուրջ 90 գիտական հրապարակման հեղինակ է։ Նրա գիտական գործունեությամբ Հայաստանում հիմք է դրվել շինարարական նյութերում նանոտեխնոլոգիաների կիրառության նոր գիտական ուղղության զարգացմանը։

Նա նաև ՃՇՀԱՀ-ի կողմից հրատարակվող Journal of Architectural and Engineering Research (JAER) գիտական ամսագրի գլխավոր խմբագիրն է։ JAER-ը ներառված է Scopus միջազգային գիտաչափական շտեմարանում։

Մանուկ Բարսեղյանը 1995–1997 թվականներին սովորել է Գյումրիի «Բալատոն» վարժարանում։ 1997–2002 թվականներին սովորել է Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում, իսկ 2002–2005 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում։

2006 թվականին նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի, իսկ 2019 թվականին՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

Մանկավարժական գործունեությունը սկսել է 2006 թվականին։ Դասավանդել է Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնում, ինչպես նաև Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ֆիզիկայի և էլեկտրատեխնիկայի ամբիոնում։

2007–2024 թվականներին գիտական գործունեություն է իրականացրել Երևանի պետական համալսարանի պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայում։ Որպես հրավիրված հետազոտող՝ աշխատել է Կոլումբիայի Մեդելին քաղաքում գտնվող Անտիոքիայի համալսարանում և Կանադայի Մանիտոբայի համալսարանում։

2020 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր զբաղեցրել է ՃՇՀԱՀ-ի գիտական քաղաքականության վարչության պետի պաշտոնը։ 2020 թվականից մինչև 2024 թվականի մարտի 24-ը զբաղեցրել է ՃՇՀԱՀ-ի գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնը։

2020 թվականից ղեկավարում է ՃՇՀԱՀ-ում իրականացվող «Շինարարական խնդիրների մոդելավորման գիտահետազոտական լաբորատորիայի պահպանում և զարգացում» ծրագիրը։

2024 թվականի մարտի 25-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը եղել է ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։ 2025 թվականի հունվարի 31-ին ընտրվել է ՃՇՀԱՀ-ի ռեկտորի պաշտոնում։

Focus Mode