«Ադրբեջանը հանձնառու է պահպանել իր տարածքում գտնվող քրիստոնեական ժառանգությունը»․ Հաջիև

կողմից admin1

Դուբայում կայացած Euronews-ի պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության հաստատումը «բարդ ու դժվարին գործընթաց» է, սակայն Ադրբեջանը հանձնառու է «պահպանել իր տարածքում գտնվող քրիստոնեական ժառանգությունը, քանի որ այն իր պատմության մի մասն է»։

Հաջիևն ադրբեջանական քարոզչությանը բնորոշ ոճով հայտարարել է, թե Հայաստանում և հայկական սփյուռքում իբր գործող «ռևանշիստական ուժերը դեռևս ուժեղ են» և փորձում են խաթարել նախկին հակառակորդների միջև ընթացող պատմական խաղաղության գործընթացը։

Հաջիևը Euronews-ին ասել է, որ «հավանաբար, Հայաստանի կառավարությունն ու ղեկավարությունը նույնպես պետք է աշխատեն իրենց ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ»։

«Մենք հաղթեցինք պատերազմում, բայց հաղթում ենք նաև խաղաղության հարցում, ինչը բարդ ու դժվարին գործընթաց է», – նշել է Հաջիևը։

Նա հավելել է՝ Ադրբեջանը հանձնառու է «պահպանել Ադրբեջանի ինքնիշխան տարածքում գտնվող քրիստոնեական ժառանգությունը՝ անկախ դրա պատկանելությունից, և սա վերջնական դիրքորոշում է, քանի որ դա մեր մշակութային ժառանգությունն է»։

Focus Mode