Իրանը Հայաստանին առաջարկում է ստեղծել TRIPP-ի վերաբերյալ կարծիքների փոխանակման մեխանիզմ. դա թույլ կտա վերացնել առկա մտահոգությունները։ Այս մասին ասել է Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Ներկայացնում ենք Դիվանագետի ելույթի առանցքային կետերը Երևանում կայացած համաժողովում․
Իրանը Հայաստանին հայտնել է իր մտահոգությունը նախագծի վերաբերյալ՝ հաշվի առնելով Թրամփի թշնամական քաղաքականությունը իրանցի ժողովրդի նկատմամբ։ Այդուհանդերձ, հարցը հնարավոր է լուծել՝ հաշվի առնելով Երևանի և Թեհրանի միջև առկա բարեկամության և բարիդրացիության մթնոլորտը։
Նախագծի մեխանիզմները դեռևս ամբողջությամբ ձևավորված չեն, և այդ մեխանիզմները պակաս կարևոր չեն, քան TRIPP-ի իրականացման գործընթացը։ Նախագիծը որևէ կերպ չպետք է ոտնահարի Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Հայաստանի իշխանությունները նույնպես դեռևս բավարար պատկերացում չունեն թվարկված հարցերի վերաբերյալ։
🔸Իրանի շահերից է բխում Հայաստանի դեմքով ունենալ ուժեղ, տնտեսապես զարգացած և սուվերեն հարևան։ Թեհրանը վճռականորեն հանդես է եկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» դեմ՝ հասկանալով, որ դա կթուլացնի Հայաստանի ինքնիշխանությունը։ ԻԻՀ-ն այժմ էլ հայտարարում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը կարմիր գիծ են Թեհրանի համար։
🔸Թե որքանով ԱՄՆ-ն հետևողական կլինի TRIPP-ի համատեքստում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում՝ ցույց կտա ժամանակը։