«Զանգեզուրի միջանցք» նախագծում առկա էին ինքնիշխանության համար ոչ ընդունելի տարրեր, որոնք սպառնալիք էին ստեղծում Հայաստանի ազգային ինքնիշխանության համար և, կարծես թե, Հայաստանը Միացյալ Նահանգներին ներգրավեց որպես հավասարակշռող գործոն և լրացուցիչ երաշխիք` իր ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև Բաքվի և Անկարայի ճնշումները մեղմելու համար։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Հայաստանի մոտեցումն էր, որ ԱՄՆ–ից բացի որևէ այլ դերակատար չի կարող ստանձնել այդ դերը և, բնականաբար, այս հարցում Թրամփի անձնակենտրոն և էմոցիոնալ բնույթը ևս նպաստել է դրան։ Այս պահին, կարծում եմ, կանխակալ դատողությունների կարիք չկա, բայց կարող եմ վստահությամբ ասել, որ եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ վտանգված լինեն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կամ ազգային ինքնիշխանությունը, ապա Իրանը շատ վճռական և լուրջ դիրքորոշում կունենա դրա վերաբերյալ»,– ասել է Խալիլ Շիրղոլամին:
Նա նշել է, որ Իրանը լուրջ մտահգություններ է ունեցել հայ–իրանական սահմանին ամերիկյան ներկայության վերաբերյալ և այդ մասին հայտնել է հայկական կողմին։