Ադրբեջանից անկլավների առաջարկի մասին հստակ գնահատական չի հնչել. քաղաքագետ

կողմից admin1

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման մոտավոր ժամկետ հայտարարելով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, ազդարարում է, որ ցանկանում է շարունակել իր պաշտոնավարումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15–ի կառավարության նիստում հայտարարել էր, որ մինչև 2031 թվականը պետք է Ադրբեջանի հետ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը։

«Հիշո՞ւմ եք, եթե չեմ սխալվում, 44-օրյա պատերազմից հետո, Փաշինյանը 6 կետից բաղկացած առաջարկ էր ներկայացրել հանրությանը՝ ասելով, որ պետք է աշխատել այդ վեց կետերի ուղղությամբ։ Հետո հայտարարեց, որ գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այսինքն՝ պատերազմից հետո նա փորձում էր ինչ-որ կերպ հիմնավորել իր իշխանության շարունակությունը՝ առաջ քաշելով քաղաքական ծրագիր։ Հիմա նույնը վերաբերում է այս իրավիճակին»,– նշել է քաղաքագետը։

Մաթևոսյանի գնահատմամբ՝ չնայած Ադրբեջանից հնչող կոշտ հռետորաբանությանը` Փաշինյանը այնուամենայնիվ վստահ է` խաղաղության համաձայնագիրը հնարավոր կլինի վերջնական վավերացնել։

«Իլհամ Ալիևը, Հայաստանին վերաբերող հարցերին անդրադառնալիս, խոսել է նաև Նյուրնբերգի դատավարության մասին։ Բաքվում գտնվող հայ ռազմագերիներին նա համեմատել է նացիստական Գերմանիայի առաջնորդների հետ։ Անհամապատասխանություն կա Փաշինյանի և Ալիևի հայտարարությունների միջև՝ լինի դա խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանազատման ու սահմանագծման, թե Փաշինյանի առաջարկների վերաբերյալ»,– ընդգծել է Մաթևոսյանը։

Քաղաքագետն անդրադարձավ նաև Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանն անկլավ–էքսկլավների հարցի լուծման մի քանի տարբերակ են քննարկում, այդ թվում՝ համապատասխան ճշգրիտ տարածքներ փոխանակելու և սահմանի երկու կողմերում անկլավ և էքսկլավ չունենալու մասին։

«Ադրբեջանը կիսո՞ւմ է Փաշինյանի գնահատականները. մինչև այս պահը Ադրբեջանից դրա վերաբերյալ հստակ գնահատական չի հնչել։ Ավելին՝ տեսեք, թե ինչ աստիճանի անհեթեթ իրավիճակ է ստեղծվել։ Փաշինյանը Թուրքմենստանում Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարում է, որ իր տպավորությամբ՝ խաղաղության այն մոդելը, որի մասին ինքն է խոսում, ընդունելի և հասկանալի է նաև Ադրբեջանի համար։ Պետությունը չի կարող տպավորություններով կառավարվել»,– ընդգծել է Մաթևոսյանը։

Մաթևոսյանը նկատել է, որ մինչև այս պահը Բայրամովը, Հաջիևը կամ Ալիևը չեն ասել՝ այո՛, Փաշինյանի առաջարկն իրենց համար ընդունելի է, և որ իրենք հրաժարվում են Քյարքիից՝ ինչպես Փաշինյանն է կիրառում իր ձևակերպումներում։

Այս ամենի արդյունքում, Մաթևոսյանը կարծում է, որ ՀՀ գործող իշխանությունները պետք է վերջնականորեն սթափվեն և ավելի զգոն գնահատեն իրավիճակը, այլապես նոր ձախողումները կարող են բերել էլ ավելի ծանր կորուստների։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode