44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատներն ու հասարակական գործիչները դիմել են ՀՀ Ազգային ժողով՝ պահանջելով հրապարակել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրած ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը։
Նշենք, որ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը 2025–ի հոկտեմբերի 1-ին հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետի խախտման պատճառով չի ներառվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բայց կքննարկվեն այն ներկայացնելու այլ ձևաչափեր։ Հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ զեկույցը չի հանրայնացվի. Ալեն Սիմոնյանը որոշել է այն ուղարկել խորհրդարանի առաջին բաժին, որտեղ պահվում են գաղտնի փաստաթղթերը:
Դիմումները հասցեագրվել են ԱԺ նոր նախագահին, Անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանին և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին։ Դիմումատուները ցանկանում են, որ խորհրդարանում նախ հանրային քննարկումներ և լսումներ անցկացվեն, ապա հրապարակվի պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը։
44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը, զեկույցի հրապարակումը նախևառաջ որպես պատերազմի վերաբերյալ ճշմարտությունը պարզելու հնարավորություն որակեց։ Նրա կարծիքով` իշխանությունը, որը պնդում է, թե երկիրը ճիշտ ճանապարհով է տանում, պետք է ինքն էլ շահագրգռված լինի պատերազմի հանգամանքների ամբողջական բացահայտմամբ։
«Եթե մարդիկ ուզում են իրենց ճիշտն ապացուցել, որ իրենք մաքուր, ճիշտ մարդիկ են, այս հարցում դավաճանություն չեն ունեցել, ապա ո՞վ պետք է դեմ լինի իրականությունն ու ճշմարտությունն իմանալուն»,- հավելեց Ղուկասյանը։
Ղուկասյանի համոզմամբ՝ պատերազմի հանգամանքների բացահայտմանը խոչընդոտելը միայն ավելի է խորացնելու զոհվածների և անհետ կորածների ընտանիքների կասկածները։