Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է։ Տեղեկությունը Սպուտնիկ Արմենիային հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Ավտովթարից տուժած երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նրանցից 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության»,– ասացին նախարարությունից։
Հիշեցնենք, երեկ երեկոյան Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացածները ամուսիններ են՝ 37-ամյա Մխիթար Նազարյանը և 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը։ Վթարի հետևանքով տուժած հինգ անչափահաս երեխաները նրանց զավակներն են։
Ամուսինների հարևանները NEWS.am-ի հետ զրույցում պատմել են, որ Իզաբելլան երկու երեխաների հետ Գյումրիում էր՝ հայրական տանը։ Մոր մահվան 40-րդ օրն էր։ Մխիթարը մյուս երեք երեխաների հետ մեկնել էր Գյումրի՝ կնոջն ու երեխաներին տուն բերելու։ Ճանապարհին էլ տեղի է ունեցել վթարը։
Ընտանիքն ապրում է Եղվարդում։