ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը հրաժարական է տվել։
Օրեր առաջ կոմիտեի նախագահի պաշտոնը լքել էր նաև Սարգիս Հայոցյանը։
Արթուր Մովսիսյանը Facebook–ի իր էջում գրել է․
Ավելի քան 6,5 տարի այս պաշտոնում Հայաստանի Հանրապետությանը ծառայելն ու գիտության զարգացմանը գիտելիքներս և փորձս ներդնելն ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն էին։ Միասին ահռելի աշխատանք ենք կատարել, բայց դեռ շատ անելիք ունենք։
Երբեք չեմ աշխատել շնորհակալություն ստանալու ակնկալիքով․ անմնացորդ նվիրումն իմ պարտականությունն եմ համարել։
Իմ գնահատմամբ՝ այս տարիներին Հայաստանի գիտության ոլորտում թռիչքային առաջընթաց ենք արձանագրել։ Այդուհանդերձ, դեռ հեռու ենք մեր երազանքից։ Կառավարության ծրագրով և գիտության զարգացման ռազմավարությամբ սահմանված նպատակներին հասնելու համար բոլոր օղակներում երկարատև ու հետևողական աշխատանք է անհրաժեշտ։
Աշխատանքից ազատման դիմումիս հիմնական պատճառն այն է, որ մեր աշխատանքն ու ծրագրերի իրականացումը չեն համապատասխանում կառավարության, նախարարության, կոմիտեի և անձամբ իմ խոստացած զարգացման տեմպին։
Վերջում քննադատությունս ուղղում եմ կառավարությանը, սուտի ընդդիմադիրները թող չառիթավորվեն, ես քննադատում եմ իմ կառավարությանը, որին ընտրել եմ և առնվազն այդ իմաստով իրավունք ունեմ։
Սիրելի կառավարություն, այժմ ժամանակն է մեր խոսքը գործով հաստատելու։ Գրեթե վստահ եմ, որ Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ընթացքում գիտության ֆինանսավորումը որոշ չափով կավելանա։ Սակայն խնդիրն այլևս միայն գումարի չափը չէ, այլ գիտության նկատմամբ շատ օղակների մոտեցումը։
Գիտությունը պետք է ֆինանսավորել ոչ թե մնացորդային սկզբունքով կամ շնորհակալության ակնկալիքով, այլ գիտելիքահեն տնտեսություն ունենալու հստակ նպատակով։ Այդ դեպքում այսօրվա ծախսը կդառնա վաղվա ներդրումը։
Շատ դժվար է եղել այս որոշման կայացումը, գործընկերներից, գիտական համայնքից և ընկերներից շատերը համաձայն չեն որոշմանս հետ, սակայն որպես գիտության ոլորտում որոշակի լիազորություններ ունեցող և ամենօրյա ռեժիմով գիտական հանրույթի հետ ամենաշատ շփվող պաշտոնյա, կարծում եմ, որ պատասխանատվությունը չի սահմանափակվում միայն պաշտոն ստանձնելով․ այն ենթադրում է նաև տրված խոստումները չկատարելու դեպքում, առանց մեղավորներ փնտրելու, պահել սկզբունքայնությունը և պատասխան տալ սեփական խոսքի համար։ Ես խաբել չեմ կարող․․․»։