Դատարանը հաստատեց` թեմի առաջնորդին պաշտոնից ազատելը կաթողիկոսի իրավասությունն է․ Զոհրաբյան

կողմից admin1
Դատարանը հաստատեց, որ թեմակալ առաջնորդի նշանակումն ու պաշտոնից ազատումն Ամենայն հայոց կաթողիկոսի բացառիկ իրավասությունն է և եկեղեցու ինքնակառավարման ու ներքին կյանքի անբաժանելի մասն է։
Այս մասին գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
Դատավոր Էդգար Հովհաննիսյանը որոշել է կարճել Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Սարոյանը պահանջել էր անվավեր ճանաչել կաթողիկոսի որոշումը՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ։
«Դատարանն արձանագրել է, որ այդ հարաբերությունները կարգավորվում են ներեկեղեցական կանոններով՝ կանոնական իրավունքով, իսկ տվյալ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության։ Դատարանը վերացրել է նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցները, որոնցով սահմանափակվել էր Մայր աթոռի՝ Մասյացոտնի թեմի կառավարման վերաբերյալ որոշումների իրականացումը»,- պարզաբանել է Զոհրաբյանը։
Նա հիշեցրել է, որ հենց այս հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին դատական ակտի ենթադրյալ խոչընդոտման համար են մեղադրյալի կարգավիճակ ստացել Ամենայն հայոց կաթողիկոսը և վեց եպիսկոպոսներ:
Զոհրաբյանը շեշտել է՝ եկեղեցու ինքնավարությունը ոչ թե արտոնություն է, այլ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող հիմնարար երաշխիք։
Պաշտպանն ընդգծել է, որ դատարանն էական է համարել նաև Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի եպիսկոպոսի ուխտադրության հանգամանքը, որով Սարոյանը ևս եպիսկոպոս ձեռնադրվելիս խոստացել և ուխտել է մինչև կյանքի վերջ հավատարիմ լինել Ամենայն հայոց կաթողիկոսին։ Զոհրաբյանն ուխտադրության տեքստից մի քանի հատված է մեջբերել։
«Խոստանում և ուխտում եմ հնազանդ լինել նրան և նրա օրինավոր հաջորդներին՝ հարգելով և կատարելով այն բոլոր հրամանները, որոնք այս Սուրբ Աթոռի կողմից դրվում են ինձ վրա․․․ Խոստանում և ուխտում եմ բնավ չանցնել այն իշխանության սահմանը, որն Աստված կտա ինձ իմ եպիսկոպոսական ձեռնադրությամբ, և կրքերի կամ այս աշխարհի ցանկությունների պատճառով զանց չառնել Եկեղեցու կանոնները և Սուրբ Հայրապետի հրամանները»։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode