Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը երկար տարիներ ղեկավարած Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Երևանի պետական համալսարանի։ Հայտնում է «Փաստինֆո»-ն։
Գագիկ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի պետական համալսարան հիմնադրամի ռեկտորի 17․08․2026թ․ թիվ 155/99-Ա հրամանը, ինչպես նաև՝վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձը։ Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ Սաղոյանին։ Դեռևս առկա չէ տեղեկություն՝ այն վարույթ ընդունելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտորի որոշմամբ՝ Գագիկ Ղազինյանի հետ պայմանագիրը չի երկարացվել։ Գագիկ Ղազինյանը դա քաղաքական որոշում է գնահատում՝ պայմանավորելով դա նաև իր որդիների՝ Արթուր և Դավիթ Ղազինյանների, քաղաքական գործունեությամբ։ Մասնավորապես, Դավիթ Ղազինյանն այժմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր է։
Նրանից բացի քաղաքական հայացքների համար ԵՊՀ-ն դադարեցրել է համագործակցությունը նաև քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանի, Ալեն Ղևոնդյանի, Ռուբեն Մելիքյանի հետ։ Ավելի վաղ հայցադիմում էր ներկայացրել Խաչիկ Գալստյանը՝ պահանջելով անվավեր ճանաչել ԵՊՀ հիմնադրամի տնօրենի՝ 18․08․2026թ․ թիվ 156/2-Ա հրամանը և վերականգնել իրեն նախկին աշխատանքում՝ ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնում, ինչպես նաև՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձել։