ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ապագայի վերաբերյալ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է հեռանալ Հայաստանից, եթե հայկական կողմը համարի, որ բազայի կարիքը չկա։
«Եթե Հայաստանը կարծում է, որ ռուսական ռազմաբազան Գյումրիում Հայաստանին պետք չէ, մենք հենց վաղն էլ կհեռանանք։ Ոչ մեկին ոչինչ պարտադրել չենք պատրաստվում»,- Բիշքեկում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը։
Միաժամանակ ՌԴ նախագահը հատուկ ընդգծել է, որ այս հարցում պետք է հաշվի առնվի նաև հայ ժողովրդի ցանկությունը։ Նրա խոսքով՝ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ Հայաստանում ռուսական ռազմական ներկայություն լինի, Ռուսաստանը պատրաստ է մնալ, աշխատել և համագործակցել Հայաստանի հետ։
Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ այս պահին Հայաստանը ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հետ կապված որևէ ծրագիր չունի։
Ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրիում տեղակայված է 1995 թվականից։ 2010 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև դրա տեղակայման պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2044 թվականը։