«Hayasa Metals»-ը մտադիր է մինչև 20 մլն դոլար ներդնել Հայաստանում պղնձի նոր հանքավայրերի որոնման համար

կողմից admin2

«Hayasa Metals»-ը մտադիր է մինչև 20 մլն դոլար ներդնել Հայաստանում պղնձի նոր հանքավայրերի որոնման համար

Առաջիկա տարիներին նախատեսում ենք 10-ից 20 միլիոն դոլար ներդնել Հայաստանում՝ պղնձի նոր հանքավայրեր հայտնաբերելու նպատակով։ Այս մասին հոկտեմբերի 17-ին Ծաղկաձորում ընթացող «Mining Armenia Forum 2026» ֆորումի ժամանակ հայտարարել է կանադական «Hayasa Metals» հանքարդյունաբերական ընկերության գործադիր տնօրեն Ջոել Սաթերլենդը։

«Եթե հայտնաբերենք ոչ մեծ հանքավայրեր, որոնք հետաքրքիր չեն լինի ներդրողներին, ապա դրանք կմնան մեզ։ Անցյալ տարի ես նշել էի, որ խոշոր հանքավայր հայտնաբերելու դեպքում դրա շահագործումը կարող է մեկնարկել ավելի քան 10 տարի անց և պահանջել 5 միլիարդ դոլարի ներդրում»,- ընդգծել է նա։ Սաթերլենդը նաև հայտնել է, որ «Վարդենիս» նախագծում երկրաբանական հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար ընկերությունը գործընկերներ է փնտրում։

Նա շեշտել է, որ ամբողջ աշխարհում ակտիվորեն կառուցվում են տվյալների մշակման կենտրոններ, արտադրվում են սմարթֆոններ ու համակարգչային տեխնիկա, սակայն պղնձի նոր հանքավայրեր չեն հայտնաբերվում։

 

«Հաշվի առնելով, որ տվյալների մշակման կենտրոնների կառուցման տեմպերը միայն ավելանալու են՝ պղնձի պահանջարկն էլ ավելի է կտրուկ աճելու»,- նշել է Սաթերլենդը՝ որպես օրինակ մատնանշելով ԱՄՆ-ի տվյալների կենտրոնները, որոնց աշխատանքի համար, տարբեր գնահատականներով, պահանջվում է 10-ից 50 հազար տոննա պղինձ։

 

Նշենք, որ «Mining Armenia Forum 2026»-ի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամն ու Հայաստանի հանքագործների և մետալուրգների ասոցիացիան։ Արդեն երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու «Լիդիան Արմենիա» ընկերությունը, իսկ գլխավոր հովանավորները՝ «Ամերիաբանկն» ու «Թեղուտ» ՓԲԸ-ն։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode