Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը։ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Սոմալիլենդի ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում չկա։
Ավելի վաղ ամերիկացի հայտնի վերլուծաբան Մայքլ Ռուբինը «The Armenian Mirror-Spectator»-ի համար գրված հոդվածում կոչ էր արել Հայաստանին ճանաչել Սոմալիլենդը։ Նրա կարծիքով՝ թե՛ Հայաստանը, թե՛ Սոմալիլենդը բախվում են Թուրքիայի թշնամական գործողություններին, որն աջակցում է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային և խաթարում է Սոմալիլենդի ինքնիշխանությունը։ Ռուբինը հայտարարել էր, որ ճանաչումը իբր թե շփման եզրեր կստեղծի Իսրայելի հետ, որը ճանաչել է Սոմալիլենդի անկախությունը, և կարող է իսրայելցի ստրատեգներին դրդել վերանայել Ադրբեջանի հետ դաշինքը։
Նշենք, որ Սոմալիլենդը 1991 թվականին հայտարարել է Սոմալիից անկախանալու մասին, սակայն միջազգային հանրության կողմից նրա անկախությունը լայնորեն չի ճանաչվել։ Տարածքը դե ֆակտո գործում է որպես առանձին վարչաքաղաքական միավոր՝ ունենալով սեփական իշխանություններ և պետական կառույցներ։