19
ՀՀ ներթափանցած և 39-ամյա կնոջը մարմնական ծանր վնասվածք հասցրած ադրբեջանցի զինծառայողին Հայաստանում կարող է սպառնալ երկարատև, ընդհուպ՝ ցմահ ազատազրկում։ Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց խորհրդարանի փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։
Նրա գնահատմամբ՝ Շաքի ներթափանցած Նասիմ Մուսաևի արարքը կարող է որակվել որպես մի խումբ անձանց կյանքի նկատմամբ ոտնձգություն, ընդհուպ՝ մի խումբ անձանց նկատմամբ սպանության փորձ։ Միաժամանակ նա դժվարանում է կանխատեսել, թե իրավական ինչպիսի գնահատական կտրվի ադրբեջանցի զինծառայողի արարքին։
«Կարծես՝ անձի կամքից անկախ է, որ վրա չի հասել ողբերգական հետևանք, որովհետև նշված ադրբեջանցու ազգային պատկանելիությունը, կարծում եմ, տեղին է ընդգծել, որովհետև դա փաստական տվյալ է»,- նշեց Վարդևանյանը։
Նրա դիտարկմամբ՝ կարծես թե սկզբում փորձ էր արվում հանրությունից թաքցնել կնոջ ստացած վնասվածքի ծանրությունը։
Պատգամավորի համար հասկանալի չէ, թե ինչու մինչ այս պահը չի հայտարարվել նախաքննության ավարտ, և գործը դատարան չի ուղարկվել։
Նրա կարծիքով՝ կարող է նաև դռնբաց դատավարության տարբերակն ընտրվել, թեպետ չի բացառում դռնփակ նիստերը՝ գործի շահերից ելնելով։ Վարդևանյանի համար հստակ է մի բան՝ մեղադրանքի տեսանկյունից գնահատականը պետք է առավելագույն խիստ լինի։