Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում

կողմից admin3

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության անփոփոխ քաղաքականությունն է հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը՝ ինչպես գործնական, այնպես էլ ռազմավարական մակարդակներում, հայտնում է Pars Today-ը։

«Հույս ունեմ, որ մոտ ապագայում վերջնականապես կհամաձայնեցվի Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագիրը։

Բացի երկկողմ հարաբերություններից, Կովկասում կան նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ տրանսպորտային ուղիների հետ կապված հարցերը, որոնք Իրանը և Հայաստանը կարող են քննարկել։

Այսօր Կովկասի տարածաշրջանը, առավել քան երբևէ, խաղաղության կարիք ունի, և դա պետք է ապահովվի պաշտոնական սահմանների ամրապնդմամբ։ Փորձը ցույց է տվել, որ տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի միջամտությունը կարող է հանգեցնել անկայունության։

Օրինակ՝ Պարսից ծոցի տարածաշրջանում մենք տեսնում ենք, որ օտարերկրյա տերություններ են եկել, և որոշ երկրներ կարծում էին, որ նրանց ներկայությունը կարող է ապահովել իրենց անվտանգությունը, սակայն դրա արդյունքը դարձավ անկայունությունը։ Այդ տերությունները պարզապես ձգտում են հասանելիություն ստանալ տարածաշրջանի երկրների հնարավորություններին և ռեսուրսներին ու հետապնդում են սեփական շահերը։

Հույս ունենք, որ կարծիքների փոխանակումը և երկու երկրների քաղաքական ու տնտեսական ոլորտներում կայուն, առաջընթացային համագործակցությունը կնպաստեն տարանցման, էներգետիկայի և այլ ուղղություններում հնարավորությունների ստեղծմանը և գործնական արդյունքներ կապահովեն։

Ամերիկացիները ռազմական ոլորտում Իրանի հետ առճակատման ընթացքում չեն հասել իրենց նպատակներից որևէ մեկին և պարտություն են կրել, իսկ քաղաքական ոլորտում փոխըմբռնման հուշագրի իրականացման ընթացքում խախտել են ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով ևս մեկ հարված հասցնելով սեփական հեղինակությանը», — նշել է Ղալիբաֆը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode