Մեծ քանակի թմրադեղ են փորձել ներմուծել Հայաստան

կողմից admin1

ՊԵԿ «Զվարթնոցի» մաքսատան կարգոյում, օրեր առաջ, մեծ քանակությամբ թմրադեղերի ներմուծման փորձ է եղել, որը թեև հայտնաբերվել է, բայց հայտնի մաքսանենգ հեռախոսների գործի նման` այս գործը ևս ՊԵԿ-ն ու իրավապահները փորձում են կոծկել, որ աղմուկ չբարձրան, տեղեկացրել էր  MakaryanNews-ը։

Ըստ տեղեկությունների, որոշ ժամանակ առաջ (մոտ մեկ ամիս) Հայաստան մեծ քանակությամբ հոգեմետ դեղ է ներմուծվել, որը պետք է պատշաճ զննության ենթարկվեր «Զվարթնոց» օդանավակայանի կարգոյում:

ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները զննել են բեռը և ասել են` որևէ կասկածելի բան չկա, նորմալ է, թող անցնի: Մի քանի րոպե անց եկել են Մաքսային ծառայության աշխատակիցները, նորից զննել են բեռն ու մեծ քանակությամբ հոգեմետ դեղամիջոցներ են հայտնաբերել, որոնք պահանջարկ ունեն թմրամոլների շրջանում: Որոշ տեղեկություններով` ոչ թե զուտ դեղամիջոցներ են եղել, այլ կոկային:

Բայց սա ստույգ չէ: Կարելի է ասել` թմրանյութ են փորձել ներմուծվել Հայաստան, որը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները չեն հայտնաբերել կամ պարզապես չեն ցանկացել հայտնաբերել, փոխարենը հայտնաբերել են Մաքսայինի ծառայողները:

Երբ Մաքսայինը հայտնաբերել է, թե ինչ է իրենից ներկայացնում կասկածելի բեռը, «Կանտրաբանդայի» աշխատակիցները չքվել են տարածքից, Մաքսայինն էլ տեղում արձանագրել է դեպքը:

Մեկ այլ տեղեկությամբ` կասկածելի դեղամիջոցների կամ ուղիղ թմրամիջոցների ներմուծման վերաբերյալ օպերատիվ տեղեկություն է ունեցել ԱԱԾ-ն, և հենց նրանք են նաև ներգրավված եղել «Կանտրաբանդայի» կողմից «չհայտնաբերված» կասկածելի բեռի բացահայտման գործում: Եվ հիմա, ասում են, ՊԵԿ Մաքսային ծառայության և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները սկսել են իրավապահների մոտ իրար դեմ ցուցմունք տալ:

MakaryanNews-ին նաև ասացին, որ բեռի զննմանը ներկա է եղել ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Սերգեյ Վանյանը: Ստացվում է, որ հենց նա է թույլ է տվել, որ կասկածելի բեռն անարգել անցնի, եթե նրա ենթակա ծառայողները բեռը զննելուց հետո ասել են` մաքուր է, ոչինչ չկա:

Իսկ ո՞վ է Սերգեյ Վանյանը, որը Մասիվում հայտնի է «Բառեց Սերոժ» անունով: Նա ԲՏԱ նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի ընկերն է, նախկինում եղել է նրա օգնականը, և, ասում են, նրա հովանավորչությամբ է տեղավորվել ՊԵԿ-ում: Վանյանը նաև ՊԵԿ նախկին ՆԱՎ-ի պետ Գառնիկ Մարգարյանի ընկերն է:

Մարգարյանին պաշտոնանկ են արել ժամանակին MakaryanNews-ի բարձրաձայնած մաքսանենգ հեռախոսների հայտնի գործով, որը ևս ՊԵԿ-ում փորձում էին ծածկադմփոց անել, բայց հետո քրեական գործ հարուցեցին, և հիմա որոշ պաշտոնյաներ դատվում են այս գործով:

Հիմա, կարելի է ասել, «Գառնիկ-2» օպերացիա է տեղի ունեցել, բայց արդեն ավելի լուրջ` թմրամիջոցների կամ թմրադեղերի ներկրման դեպքով:

Հետաքրքիր է` այս ամենից ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի (Կանտրաբանդայի) վարչության պետ Երջանիկ Հակոբյանը, որն ասում են` ամենաբարձր մակարդակով «դաբռո» ունեցող պաշտոնյա է ՊԵԿ-ում և իրեն անձեռնմխելի է զգում, տեղյա՞կ է եղել այս ամենից, թե՞ առանց իր գիտության են իր տեղակալ Վանյանն ու վարչության մյուս աշխատակիցները նման կերպ վարվել մաքսանենգ բեռի հետ:

Հակակոռուպցիոն կոմիտեից MakaryanNews-ին հայտնել են, որ ուսումնասիրում են օրեր առաջ հրապարակած հոդվածն ու դրանում տեղ գտած տվյալները, համաձայն որի` մոտ մեկ ամիս առաջ «Զվարթնոցի» կարգո տերմինալով փորձել են մեծ քանակությամբ թմրադեղ մտցնել Հայաստան:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode