Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ աշնանը մոբիլիզացիայի երկրորդ ալիք կազմակերպելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Դմիտրի Մեդվեդևը «Վեդոմոստիին» տված հարցազրույցում նշել է, որ այդ կեղծիքը Կիևի իշխանության սադրանքն է, որը մարդկային ռեսուրսների ծանրագույն դեֆիցիտ է ապրում: Նա ընդգծել է, որ ՌԴ Զինված ուժերի կարիքներն ամբողջությամբ բավարարվում են պայմանագրայինների և կամավորների հաշվին, որոնք Ռուսաստանի ճշմարիտ հայրենասերներն են:
Մեդվեդևի խոսքով՝ նման «տեղեկատվական հարձակումների» գլխավոր թիրախը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է ու «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցությունը, իսկ դրանք իրականացվում են Պետդումայի ընտրություններից առաջ՝ երկիրը ներսից թուլացնելու, հասարակությունը պառակտելու և հատուկ գործողության նպատակներին հասնելուն խանգարելու նպատակով: Նա հավելել է, որ կեղծիքների ու ներնետումների քանակից երևում է, թե որքան ակտիվորեն են փորձում օգտագործել այդ հնարավորությունը:
Մինչ այդ Մեդվեդևը կրկին հերքել էր նոր մոբիլիզացիայի մասին տեղեկությունները՝ հուլիսին դրանք անվանելով «զառանցանք» և հայտնելով, որ 2026 թվականի առաջին վեց ամիսներին ՌԴ Պաշտպանության նախարարության հետ պայմանագիր է կնքել մոտ 200 հազար մարդ, ինչը 10 հազարով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից:
Սեպտեմբերի սկզբից ի վեր Վլադիմիր Պուտինը նույնպես երկու անգամ հերքել է Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայի մասին տեղեկությունները՝ նշելով. «Այսօր չկա այնպիսի սցենար, որը մոբիլիզացիա պահանջեր: Սա ուղղակի ծրագրված տեղեկատվական գործողություն է»: Ըստ նրա՝ ռուսաստանցիները «կամավոր» մեկնում են «հատուկ ռազմական գործողությանը», և բանակը ճակատի համար նոր զինծառայողներ գտնելու «ոչ մի խնդիր» տվյալ պահին «չունի», մինչդեռ անձնակազմի հետ կապված խնդիրներ ունեն Ուկրաինայի Զինված ուժերը:
Միևնույն ժամանակ, նոր մոբիլիզացիայի վերաբերյալ լուրերը պտտվում են արդեն մի քանի ամիս: Հուլիսի վերջին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարում էր, որ Պուտինը կարող է բանակ պարտադիր հավաքագրում հայտարարել Պետդումայի սեպտեմբերյան ընտրություններից հետո: Կրեմլին մոտ կանգնած The Economist-ի աղբյուրները ևս նշում էին, որ նոր մոբիլիզացիան հնարավոր է անցկացնել 2022 թվականի հրամանագրով, որը շարունակում է գործել: Ընդ որում, նրանք ենթադրել էին, որ նման որոշման ընդունման դեպքում ճակատ կուղարկվի ևս 300–400 հազար մարդ: