Ընտրություններին մասնակցած գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերն իրենց մասնակցությամբ և այլ գործողություններով օգնեցին Նիկոլ Փաշինյանին մնալ իշխանության, նրանք ՔՊ-ի պրոքսիներն են, որոնց հետ ոչ մի համախմբում չի լինելու։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, ում հետ հարցազրույցն անցկացվել է տնային կալանքի պայմաններում։
Ըստ Կարապետյանի, իր ուժի առաջնային խնդիրներից մեկն այս պահին խանգարելն է իշխանություններին «հանձնել Տիգրանաշենն Ադրբեջանին»։ Նարեկ Գալստյանի այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է ծառատունկ կազմակերպելով կամ գյուղմթերքի շուկա ստեղծել խոստանալով խանգարել այդ գործընթացը, Կարապետյանը պատասխանել է, որ դրանք «առաջին ակցիաներն են», սակայն անհրաժեշտ է, որ «ողջ հայ ժողովուրդն արթնանա ու թույլ չտա հերթական զիջումներն Ադրբեջանին»։
«Եթե Նիկոլ Փաշինյանին թույլ տաս, նա մի օր իր զիջումներով հասնելու է Լոռի, ասելու է, որ Սևանը Գյոյչա է, ու եթե չզիջենք, պատերազմ է սկսվելու», – ասել է «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը։