Պարզվում է, որ Հայոց ցեղասպանություն չի եղել, չի եղել Արցախ, չկա Արարատ` մեր խորհրդանիշների վրա, չկա պատմական անցյալ: Կարդում ես «ալիևյան սահմանադրության» տեքստը և պարզ է դառնում, որ մինչև հեղափոխությունը մենք չենք ունեցել ո՛չ պատմություն, ո՛չ տարեգրություն: Նոր Սահմանադրությունը խաչ է քաշում մեր երրորդ հանրապետության վրա և սկսում նոր՝ Նիկոլ Փաշինյանի «չորրորդ հանրապետությունը», որտեղ մոռացության է մատնվելու մեր զոհված եղբայրների, զավակների ու ամուսինների հիշատակը, և այս ամենն արվում է Ալիևի պահանջով։ Այս մասին իր տեսաուղերձում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։
Նա նշել է, որ տեղի ունեցողը հիշեցնում է «Չարի վերջը» հեքիաթը․ «Ալիևը պահանջում է փոխել Սահմանադրությունը, որպեսզի պատերազմ չլինի, իսկ եթե մի օր Ալիևը պահանջի մեր տղա երեխաներին նետել ձորը, որպեսզի չունենանք ապագա զինվորներ և Հայաստանը ապագայում սպառնալիք չլինի: Ի՞նչ ենք մենք անելու այդ ժամանակ, չէ՞ որ առանց ապագա զինվորների նա վստահ կլինի, որ Հայաստանը սպառնալիք չի ներկայացնելու: Դե հո՞ չեք մերժելու, պատերազմ չեք բերելու: Այս ամենը հիշեցնում է «Չարի վերջը» հեքիաթը: Մենք անընդհատ զոհաբերում ենք մեր զավակներին, մեր հերոսներին, մեր ամուսիններին, բայց չարի վերջը, չգիտես ինչու, չի գալիս»: