Փաշինյանի մոտ բնածին վախերի և բարդույթների հերթական մանիակալ սրացումն է, իսկ դատաիրավական համակարգը սպասարկում է նրա ֆոբիաները։ Մենք կարող ենք կորցնել երկիրը և կարծես թե ժողովուրդը կորցրել է կոլեկտիվ ինքնապահպանման բնազդը,- ԱԱԾ մեկուսարանից դիտարկումներ է արել Ռ․ Քոչարյանը։
Ներկայացնում ենք Ռ․ Քոչարյանի դիտարկումներն առանց խմբագրման․
Հերթական քրեական մեղադրանքն այնքան աբսուրդային է, որ դժվար է գնահատական տալ նորմատիվ բառապաշարի շրջանակներում, բայց այնուամենայնիվ կփորձեմ անել դա։ Ամբողջությամբ վերցրած ընդհանրացված խոսքերով որպեսզի ներկայացվի այսքան ոչնչով չհիմնավորված մեղադրանք, անհրաժեշտ է կամ լիակատար բարոյական դեգրադացիա, կամ իրավական դեբիլիզմ, կամ Ադրբեջանի դատաիրավական համակարգին լիակատար ենթարկում։ Դա նրանց մոտեցումն է, որ Արցախի բոլոր նախագահները պետք է լինեն բանտում։
Երկիրը ներքաշել է ծայրահեղ վտանգավոր արկածախնդրության մեջ՝ դնելով խոշոր տերությունների աշխարհքաղաքական շահերի բախման կենտրոնում։
Իշխանության նպատակն ակնհայտ է՝ պառակտել հասարակությունը, ստեղծել վախի, ատելության, անկարողության և դատապարտվածության մթնոլորտ։ Սրանք անհրաժեշտ պայմաններ են Բաքվի բոլոր պահանջները կատարելու համար։
Փաշինյանը ոչ միայն հանձնում է հայկական հողերը, այլև կոտրում ազգի կոլեկտիվ կամքն ու հոգևոր արժեքները, որոնք ցանկացած պետականության հիմքն են կազմում։ Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել։
Ռ․ Քոչարյան