ՊՆ-ն ու ԱԱԾ-ն լուծարել՝ բյուջեն բաժանել սահմանամերձ գյուղերի կանանց․ մամուլ

կողմից admin1

Հրապարակը գրում է․

Եթե կարծում եք, թե պետական սահմանը փշալարերով, խրամատներով ու զինված դիրքապահներով պահվող տարածք է, ուրեմն դուք անհուսորեն ետ եք մնացել ժամանակակից պաշտպանական միտումներից: Մեր երկրում պաշտոնապես ներդրվել է անվտանգության նոր, բացարձակապես նորարարական ռեժիմ՝ Bed and Breakfast (գիշերակաց և նախաճաշ) համակարգը՝ «բաց դռների» սկզբունքով:

Սցենարը պարզ է ու զարմանահրաշ: Ինչո՞ւ ծախսել պետական բյուջեն ինժեներական կառույցների, տեսախցիկների կամ սահմանապահների վրա, եթե կա հայ տնտեսուհին: Փաստացի, մեր երկրի պաշտպանական նոր համակարգն ունի հստակ ու անխափան գործող աստիճանակարգ.

Ա) Առաջին գիծ (Հետախուզություն). Դպրոցից տուն վերադարձող երեխաները ի՞նչ պակաս հետախույզներ են: Նրանք առաջինն են նկատում կոտրված կողպեքն ու հյուրասենյակի բազմոցին բարեհաջող մրափող զինված դիվերսանտին:

Բ) Երկրորդ գիծ (Հատուկ նշանակության զորքեր). Տանտիկինը՝ խոհանոցային դանակով: Երբ «հյուրը» որոշում է ինքնաձիգն ուղղել երեխաների վրա, տանտիկինը, առանց Պաշտպանության նախարարության հրամանին սպասելու, անցնում է մերձամարտի, ձեռքով փակում ինքնաձիգի փողն ու դանակով հասցնում անհրաժեշտ «դիվանագիտական» հարվածները:

Գ) Երրորդ գիծ (ԱԱԾ և Ոստիկանություն). Դեպքի վայր են հասնում այն ժամանակ, երբ տանտիկինն ու անչափահաս որդին վնասազերծել են թշնամուն, որպեսզի վերջինիս հանգիստ փաթեթավորեն, վերքերը բուժեն, տաք թեյ տան ու պատրաստեն արտահանձնման:

Ի դեպ, ԱԱԾ-ն ու ՊՆ-ն այս ընթացքում զբաղված են անչափ պատասխանատու գործով. նրանք խմբագրում են «Խաղաղության պայմանագրի» տեքստերն ու հետևում, որ հանրության մեջ «պանիկա» չտարածվի: Տրամաբանությունը հանճարեղ է. եթե թշնամին անարգել անցել է տասնյակ կիլոմետրեր, մտել գյուղ, մտել տուն ու քնել բազմոցին, ապա աղմուկ բարձրացնելն ուղղակի «աննամուսություն» է: Բա որ խաղաղության նուրբ գործընթացը վնասվի՞:

Ամենահետաքրքիրն ու հուզիչը սրանից հետո սպասվող արարողակարգն է: Համաձայն արդեն ձևավորված ավանդույթի՝ սահմանախախտին ու անպաշտպան ընտանիքի վրա կրակ բացած դիվերսանտին «անհրաժեշտ հավանականությամբ» չեն դատելու: Ինչո՞ւ դատել, եթե կարելի է նրա վզին «բանտիկ» կապել, ուղարկել Բաքու և վերնագրել. «Բարի կամքի հերթական դրսևորում»: Իսկ Բաքվի բանտերում տարիներով տանջվող մեր գերինե՞րը: Դե, ինչպես վերևներից են սիրում հիշեցնել՝ «Ինչ կա որ՝ թող էլի սպասեն»:
Ավելին, չի բացառվում, որ մեր իշխանությունները դեռ ներողություն էլ խնդրեն Ալիևից՝ ասելով. «Գիտեք, ձեր զինվորը ընդամենը մոլորվել էր, իսկ մեր քաղաքացին անտեղի ագրեսիա է ցուցաբերել ու դանակով վիրավորել խաղաղ զինված հյուրին: Խոստանում ենք՝ հաջորդ անգամ տան դռները բաց կթողնենք, իսկ սեղանին, բազմոցին թարմ մրգեղեն ու սպիտակեղեն կդնենք»:
Մյուս կողմից, կանանց իրավունքների պաշտպանությամբ ու «ընտանեկան բռնության դեմ» պայքարող PR-ակցիաների կազմակերպիչներին առաջարկում ենք թարմացնել իրենց օրակարգը: «Բռնության դեմ» սեմինարների փոխարեն կարելի է բացել նոր դասընթացներ. «Ինչպես դանակով վնասազերծել ինքնաձիգով թշնամուն, երբ երեխաները դպրոցից տուն են գալիս, իսկ առաջին տիկինը PR է անում»:

Եվ վերջապես՝ ամենաուսանելի դասը մեր հասարակության համար է: Մարդիկ գնում են ընտրությունների, ընտրական տուփի մեջ գցում են «Խաղաղության» քվեաթերթիկը, հետո վերադառնում են տուն, մտնում հյուրասենյակ ու տեսնում, որ իրենց ընտրած «Խաղաղությունը» պառկած է իրենց բազմոցին… ինքնաձիգը ձեռքին:

Ուստի, հարգելի քաղաքացիներ, քանի դեռ պետական սահմանն անցնում է ձեր միջանցքով, իսկ ԱԱԾ-ն զբաղված է տեքստեր խմբագրելով, հաջորդ ընտրություններին գնալուց առաջ կողպեքները փոխելն այլևս անօգուտ է: Քվեաթերթիկի հետ մեկտեղ ընտրատեղամասերում պահանջեք խոհանոցային դանակներ, եղաններ ու վիրակապեր:

Իսկ Պաշտպանության նախարարությունն ու ԱԱԾ-ն կարող ենք հանգիստ լուծարել: Դրանց բյուջեն բաժանենք սահմանամերձ գյուղերի կանանց՝ որպես սպառազինության ու ինքնապաշտպանության նպաստ: Մեկ է՝ երկրի սահմանն էլ, պատիվն էլ այսօր պահում է հայ կինը՝ իր տան շեմին:

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode