ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը․ «Հրապարակ»

կողմից admin1

Բիշքեկում սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո իշխանական թիմը կրկին երկու բեւեռի է բաժանվել։

Հրապարակի տեղեկություններով, այսպես կոչված, արեւմտամետ, իրականում՝ սորոսական հատվածը ցնծում է Փաշինյանի հերթական «խրոխտ» պատասխաններից, փոքրիշատե առողջ բանականություն ունեցողները, մինչդեռ, սարսափի մեջ են` սպասում են ցավոտ հարվածների։

Հանդիպման թեման կրկին Հայաստանի արտաքին կողմնորոշման հարցն էր, Պուտինը հերթական անգամ պնդեց եւ կարծես վերջնագիր ներկայացրեց՝ Հայաստանը պետք է արագ կողմնորոշվի, ընդ որում` համաժողովրդական հանրաքվեի միջոցով պետք է ընտրի իր հետագա ճանապարհը` դեպի ԵՄ է գնում, թե մնում է ԵԱՏՄ կազմակերպությունում, քանի որ երկուսի համատեղումն անհնար է։ Պուտինը կրկին հիշեցրել է հայկական շուկայի՝ Ռուսաստանից կախվածության մասին։ Բայց այս թեւում կարծում են, որ ՌԴ-ն այլ սանկցիաների չի գնա, եւ Պուտինի «հաթաթաներն» ընդամենը նպատակ ունեն ԹՐԻՓՓ-ի գործընթացից որոշակի զիջումներ կորզելու, հակառակ դեպքում նոր սանկցիաներ կսահմանվեին դեռ նախորդ հանդիպումից հետո։

Մինչդեռ Ռուսաստանի հետ հարաբերությունների էությունը հասկացող իշխանականները, ըստ մեր աղբյուրի, սարսափած են Պուտինի վերջնագրից, մանավանդ` Գյումրիից ռուսական ռազմաբազան դուրս բերելու մասին սպառնալիքից: Նրանց կարծիքով, դա նշանակում է ազատություն տալ Թուրքիայի ձեռքերին, այդ ռազմաբազան վահանի դեր է կատարել Հայաստանի համար։ Նրանք կարծում են, որ ամենասեղմ ժամկետներում՝ մինչեւ Փաշինյանի` Մոսկվա կատարելիք այցը, Հայաստանի խորհրդարանը պետք է ընդունի նոր օրենք, որով չեղարկվի ԵՄ-ին անդամակցության մեկնարկի մասին ոչ կենսունակ եւ արկածախնդիր օրենքը։ Ի դեպ, այս օրենքը Հռոմի ստատուտի նմանակն է, երբ իրական արդյունքների փոխարեն դիվանագիտական խնդիրներ է միայն հարուցում,- գրում է Հրապարակը։

Focus Mode