Հայաստանն այնքան սերտ է կապված Ռուսաստանի հետ ընտանեկան, ժողովրդագրական և առևտրային կապերով, որ հարաբերությունների լիակատար խզումը ներքաղաքական աղետ կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։ Այս մասին նոյեմբերի 26-ին Երևան–Մոսկվա տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Զելտինը։ «Ո՛չ Փաշինյանին, ո՛չ էլ որևէ մեկին խորհուրդ չեմ տալիս գնալ այդ ճանապարհով», — ասել է նա։
Նրա կարծիքով՝ Փաշինյանը լավ է հասկանում, որ Ռուսաստանը՝ որպես գործընկեր և մեծ ներուժ ունեցող հարևան, միշտ կարևոր կլինի Հայաստանի համար։ Քաղաքագետը հենց դրանով է բացատրել Փաշինյանի այցը Մոսկվա։ «Փաշինյանը հետևողականորեն ասում է, որ Հայաստանի քայլերը չեն նշանակում Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու մտադրություն», — հավելել է նա։
Զելտինը չի բացառել, որ դեկտեմբերի 3-ին Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցից հետո բազմաթիվ տեղեկություններ կհրապարակվեն։ Նրա խոսքով՝ Փաշինյանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվեի թեման փոխարինել է նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու օրակարգով։ Քաղաքագետի գնահատմամբ՝ սա ցույց է տալիս, որ Երևանի քաղաքական վերնախավն այժմ առաջնահերթ է համարում ոչ թե ԵՄ-ին անդամակցությունը, այլ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը։
«Հավանաբար, այսօր սա ավելի կարևոր է Փաշինյանի համար։ Բացի այդ, այնքան էլ չեմ հավատում, որ Հարավային Կովկասի որևէ երկիր կանդամակցի Եվրամիությանը․ խոսքը ԵՄ-ից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող պետությունների մասին է։ Անդամակցության այս ամբողջ պատմությունը փոքր-ինչ շինծու է թվում։ Ըստ ամենայնի՝ այդ օրակարգն անորոշ ժամանակով հետաձգվել է», — ընդգծել է փորձագետը։
Զելտինը միանգամայն անիրատեսական է համարել ենթադրությունները, թե Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում կտրուկ կնվազի՝ գրեթե հասնելով զրոյի։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատմականորեն տարածաշրջանի դերակատար է․ այն վերելքներ ու վայրէջքներ է ունենում, բայց տարածաշրջանից չի հեռանա։ «Տարածաշրջանի երկրները ժողովրդագրական, պատմական, մշակութային ու կրոնական այնքան սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ, որ դրանք չեն վերանա», — նշել է նա՝ Հայաստանի և Ռուսաստանի տարաձայնությունները ժամանակավոր համարելով։