Տնային կալանքի տակ գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան 72-ամյակի կապակցությամբ։
«Այսօր այս շնորհավորանքն առանձնահատուկ քաղաքական խորհուրդ ունի։ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական ռեպրեսիվ գործընթացը վաղուց դուրս է իրավական վեճի շրջանակներից։ Նախագահը, որն իր պետական գործունեության տարիներին կանգնած է եղել Հայաստանի և Արցախի անվտանգության ու պետականության պաշտպանության առաջնագծում, այսօր զրկված է ազատությունից և ենթարկվում է քաղաքական հետապնդման»,– գրել է Կարապետյանը։
Նրա խոսքով, մարդիկ կարող են ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, տարբեր գնահատականներ և անգամ տարաձայնություններ։ Միաժամանակ իրավական ու ժողովրդավարական պետությունում քաղաքական մրցակցությունը չպետք է վերածվի քաղաքական հաշվեհարդարի։ Հայաստանի ապագան չի կարող կառուցվել քաղաքական հակառակորդների կամ այլախոհների նկատմամբ հետապնդումների ու ազատազրկումների միջոցով։ Ատելության, վրեժխնդրության ու պառակտման ներպետական քաղաքականությունը չի կարող իրական հավելյալ արժեք ստեղծել, իսկ Հայաստանի առջև առկա մարտահրավերները պահանջում են ճիշտ հակառակը։
Սամվել Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքին մաղթել է առողջություն, ուժ և տոկունություն այս դժվարությունը ևս հաղթահարելու համար։