Էդմոն Մարուքյանը հիշեցրել է, որ 2023 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքով։ Միաժամանակ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է՝ ակնկալելով, որ Ադրբեջանը ևս կհայտարարի Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։
Մարուքյանի խոսքով՝ Ադրբեջանը համարժեք քայլ չկատարեց, իսկ այժմ Փաշինյանը կրկին նույն՝ իր գնահատմամբ, «չաշխատող և ձախողված մարտավարությունն» է կիրառում։
«Նա հայտարարում է, որ Տիգրանաշենը պատկանում է Ադրբեջանին՝ միաժամանակ նշելով, որ Արծվաշենը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա անգամ մեկ միլիմետր հող, որը պատկանում է Ադրբեջանին, և չկա որևէ իրավական հիմք, որով ադրբեջանական կողմը կարող է վիճարկել այս պնդումը»,- գրել է Մարուքյանը։