Իշխանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Միքայել Թումասյանը կնշանակվի Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար։
Ինչպես հայտնի է, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանն օրեր առաջ էր ազատվել պաշտոնից։
Դեռևս 2019 թվականին մամուլն անդրադարձել էր վերոնշյալ գործչին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Միքայել Թումասյանին, որն այն ժամանակ Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարն էր։
Մամուլը գրել էր, որ նա Porsche Panamera մակնիշի մեքենայով էր շրջում։ Որտեղի՞ց եւ ինչի՞ հաշվին էր Փաշինյանի կուսակից երիտասարդ թաղապետն այսքան ճոխ մեքենա ձեռք բերել։
ԶԼՄ-ների հարցին ի պատասխան՝ Միքայել Թումասյանը պատմել էր իր «հարուստ աներոջ» մասին։
«Նախ, Ձեզ ասեմ՝ կինս Հայաստանի քաղաքացի չի, ինքը բելառուս ա, շատ հարուստ ծնողներով հանդերձ, ու իրա հարուստ բիզնես-գործունեությունը միշտ եղել է Ռուսաստանում եւ Ուկրաինայով մեկ։ Հարգելիս, մեքենան ձեռք է բերել կինս, իրենն է մեքենան, իմ ունեցածը մինչ այդ Nissan Altima էր, որը վաճառել ենք, բայց եթե անգամ իմը լիներ, ես չէի տարակուսի, կխոստովանեի միանգամից»,- ասել էր երիտպաշտոնյան։
Թումասյանը վստահեցրել էր, թե բիզնեսներ չունի, քանի որ օրենքը թույլ չի տալիս, իսկ կինը տուն-տեղ, երկու բալիկների խնամքին է անցել, և պատմել էր, թե բիզնեսից եկող մեծ փողերը փոխել է միջին կարգի պաշտոնի ու համեստ աշխատավարձի հետ՝ զուտ «հեղափոխական գաղափարներից» ելնելով: