ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խոսել է Nvidia-ի տնօրենների խորհրդի հետ և նրանց «համոզել», որ Ջենսեն Հուանգին կրկին նշանակեն ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում։
Հուանգին հեռացրել էին արհեստական բանականության չիպերի արտադրությամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավար պաշտոնից, քանի որ նա արտամուսնական կապ էր ունեցել չինացի գործարար կնոջ հետ, որը կասկածվում է Պեկինի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է CNBC-ի հետ զրույցում։ Թրամփն, ըստ տարբեր լրատվամիջոցների, ճնշում է գործադրել ընկերության վրա, որպեսզի նրանք փոխեն Հուանգին հեռացնելու որոշումը։
ԱՄՆ նախագահը գովաբանել է Nvidia-ի տնօրենների խորհրդին «իսկապես խելամիտ» կերպով վարվելու և Հուանգին գործադիր տնօրենի պաշտոնում վերանշանակելու համար։
«Նրանք երաշխիքներ էին պահանջում ազգային անվտանգության սպառնալիքի վերաբերյալ։ Եվ մենք նրանց այդ երաշխիքները տվել ենք՝ առնվազն այն ամենի մասով, ինչ մեզ հայտնի է։ Իսկ մեզ շատ բան է հայտնի», – ասել է Թրամփը։
«Մարդիկ հարցնում են՝ արդյոք նրա ներկայությունը սպառնալիք է։ Ո՛չ, սպառնալիքը նրան կորցնելն է», – հավելել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփին հարցրել են՝ արդյոք Nvidia-ի բաժնետոմսերի գնի անկումը, որը տեղի էր ունեցել անցյալ շաբաթ Հուանգի պաշտոնանկությունից հետո, ազդել է անձամբ միջամտելու իր որոշման վրա։
«Հավանաբար, այո», – պատասխանել է Թրամփը։
Թրամփի 2025 թվականի տարեկան ֆինանսական հայտարարագրի և 2026 թվականի բաժնետոմսերի առքուվաճառքի վերաբերյալ հրապարակված տվյալների ուսումնասիրության հիման վրա Reuters-ը գրում է, որ նա Nvidia-ի բաժնետոմսերում ունի 11-55 միլիոն դոլարի ներդրում։
Հուանգի վերադարձը հանգեցրել է Nvidia-ի բաժնետոմսերի կտրուկ աճին։ Առևտրային օրվա ավարտին ընկերության բաժնետոմսերի արժեքն աճել էր 31,5 տոկոսով՝ շուկայական կապիտալիզացիան ավելացնելով գրեթե 1 տրիլիոն դոլարով։ Դրա շնորհիվ Nvidia-ն կրկին զբաղեցրել է շուկայական արժեքով աշխարհի երկրորդ խոշորագույն ընկերության դիրքը՝ զիջելով միայն Apple-ին։
Ըստ Reuters-ի՝ նոյեմբերի 23-ին Nvidia-ի բաժնետոմսերի կտրուկ աճը կարող էր Թրամփի կարողությունն ավելացնել մինչև 17 միլիոն դոլարով։ Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ Թրամփի բաժնետոմսերի և պարտատոմսերի պորտֆելը գտնվում է երրորդ կողմի ֆինանսական հաստատությունների անկախ կառավարման ներքո, և ո՛չ նախագահը, ո՛չ էլ նրա ընտանիքի որևէ անդամ հնարավորություն չունեն ուղղորդելու կամ ազդելու այն որոշումների վրա, թե ինչպես են ներդրվում պորտֆելի միջոցները։