Թոփ 50 բուհերի ուսանողների համար զորակոչի շեմը կդառնա 32 տարեկան

կողմից admin2

 

Աշխարհի առաջատար՝ Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին 50 համալսարաններում սովորող որոշ քաղաքացիների համար զորակոչի ենթակա լինելու տարիքային վերին շեմը 27-ից կբարձրացվի 32 տարեկանի։

Համապատասխան նախագիծը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Փոփոխությունը վերաբերում է այն ուսանողներին, որոնք բարձր վարկանիշ ունեցող բուհերում սովորելու հիմքով տարկետում են ստացել և ուսումնառությունն ավարտելուց հետո առնվազն երեք տարի պետք է աշխատեն Կառավարության սահմանած գերակա ոլորտներում։ Այդ պայմանը կատարելուց հետո նրանք կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։

Նախարարի խոսքով՝ գործող 27 տարվա տարիքային սահմանափակումը որոշ դեպքերում թույլ չի տալիս ուսանողներին ամբողջությամբ օգտվել ծրագրից, հատկապես՝ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսումնառությունից հետո երեք տարի աշխատելու պահանջի պատճառով։

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ այս տարի ծրագրից օգտվելու համար դիմել է 21 քաղաքացի, իսկ փոփոխության հնարավոր շահառուների թիվը ներկայում շուրջ 700 է։

Նախարարը նաև ընդգծել է, որ առաջարկվող փոփոխությունը չի տարածվում 18 տարեկան զորակոչիկների վրա և վերաբերում է բացառապես նշված բուհերում սովորող ու սահմանված պայմանները կատարող քաղաքացիներին։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode