Խուլիգանության դեպք՝ Երևանում․ մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու և BMW-ով դիմել փախուստի
Օգոստոսի 27-ին Երևանում խուլիգանության դեպք է տեղի ունեցել։ Դավիթաշենում՝ Տիգրան Պետրոսյան փողոցում գտնվող «Ակբա» բանկի մոտակայքում, 18-ամյա երեք երիտասարդների և նրանց ընկերոջ միջև վիճաբանություն է առաջացել՝ միմյանց երկար նայելու հարցի շուրջ։
Դրանից հետո կողմերը պայմանավորվել են հանդիպել Դավիթաշեն 4-րդ թաղամասում՝ հարցերը պարզաբանելու համար։ Ըստ Shamshyan.com-ի՝ հանդիպման վայրում մոտ 20-ամյա երիտասարդը, նրա 19-ամյա ընկերը՝ Էրիկ Գ․-ն, և ևս մի քանի երիտասարդներ ծեծի են ենթարկել չորս անձի։
Ծեծի ժամանակ նրանցից մեկը բեյսբոլի մահակով հարվածել է Վրեժ Ս․-ի և Հակոբ Ա․-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Դեպքից հետո երիտասարդները նստել են Էրիկ Գ․-ի կողմից շահագործվող BMW մակնիշի ավտոմեքենան և դիմել փախուստի։
Նույն վայրում հայտնաբերվել են բեյսբոլի մահակ և արնանման հետքեր։ Վրեժ Ս․-ն և Հակոբ Ա․-ն գլխի վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ ոստիկանությունում կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։