Այն, ինչ տեղի է ունեցել 2018 թվականին, Հայաստանում ոչ թե սոցիալ–տնտեսական ծանր վիճակի, այլ կառավարման համակարգի խորքային ճգնաժամի հետեւանք է։ Թյուր է կարծիքը, թե սոցիալական վիճակից ու անարդարությունից դժգոհ հանրությունն ընդվզեց։ Այո, հանրությունը դժգոհ էր, խիստ դժգոհ էր, բայց այդպես դժգոհ էլ կմնար հարյուր տարի, եթե իրավիճակից դժգոհություններ խորացած չլինեին հենց կառավարող համակարգի ներսում, գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն իր տելեգրամյան ալիքում։
«Այդ ներքին բաժանարար գծերն ու ճաքերն են հնարավոր դարձրել առանց որեւէ բախման եւ արյան տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը։ Սերժ Սարգսյանը չի ընդդիմացել դրան, Սարգսյանը պարզապես գնահատել է իրավիճակը, ուժերի հարաբերակցությունը՝ ներսում եւ դրսում, ու ընդամենը դրել մեկ խնդիր՝ կառավարել իրավիճակի ընթացքը այնպես, որ բոլոր պարագաներում ունենա ելք։
Սարգսյանը այդ իմաստով «համակարգել» է հեղափոխական պրոցեսը այնպես, ինչպես Ադամ Սմիթի «անտեսանելի ձեռքը» տնտեսության մեջ, իհարկե պատկերավոր իմաստով։
Սրա համար եմ ասում, որ եզրահանգումը, թե «Սերժը տվեց իշխանությունը Նիկոլին», կամ՝ «Սերժը բերեց Նիկոլին», չի արտացոլում տեղի ունեցածի խորությունն ու շերտավորությունը, այլ պարզունակացնում է ամեն ինչ, գործնականում շփոթեցնելով հանրությանը։
Սերժ Սարգսյանը չխանգարեց, որ Փաշինյանը գա, որովհետեւ մնացել էր ըստ էության մենակ։ Կթողնե՞ին նրան մենակ իշխանական համակարգի այն թեւերն ու բեվեռները, որոնք թերեւս հրճվում էին Փաշինյանի հաջողությամբ, եթե պատկերացնեին տեղի ունեցածի ամբողջ մասշտաբը։
Սա հետաքրքիր հարց է»։