Հասարակական գործիչ Ալեն Ղուլյանը գրում է․
«Ադրբեջանում աճում է դժգոհությունը դպրոցներում հիջաբ կրելու փաստացի արգելքի պատճառով: Դպրոցական համազգեստի շուրջ վեճն արդեն դուրս է գալիս կրթական համակարգի շրջանակներից և վերածվում դավանանքի ազատության, քաղաքացիների իրավունքների և իշխանությունների քաղաքականության հարցի:
Լրատվամիջոցների հաղորդումների և սոցցանցերում տարածվող տեսանյութերի համաձայն՝ հիջաբով աշակերտուհիներին թույլ չեն տվել մասնակցել դասերին Սումգայիթում, Գյանջայում (Գանձակ) և Սաբիրաբադի շրջանում: Բաքվի թիվ 69 դպրոցում աշակերտները հրաժարվել են հաճախել դասերին՝ ի համերաշխություն իրենց համադասարանցիների: Հաղորդվում էր նաև Մասալիի շրջանի Մոլլաոբա գյուղում դասադուլի մասին: Խնդիրը հարվածել է նաև ուսուցիչներին, որոնց, ըստ տեղեկությունների, առաջարկել են հանել հիջաբը կամ ազատվել աշխատանքից:
Սոցցանցերում տարածվում են աշակերտների, ծնողների և հավատացյալների բողոքի բազմաթիվ տեսանյութեր: Հայտնվում են կադրեր բողոքի ակցիաներից, դպրոցներում բախումներից, պատերին և հանրային վայրերում հիջաբի սահմանափակումների դեմ գրառումներից: Դժգոհությունն արդեն դուրս է գալիս դպրոցական դասասենյակներից և տարածվում փողոցներում:
Ալիևի իշխանությունները փորձում են հիջաբի պատճառով առաջացած դժգոհությունը հանգեցնել Իրանի սադրանքներին: Վերահսկվող ՀԿ-ներն արդեն խոսում են տեղեկատվական հարձակումների և հասարակությունը ճոճելու փորձերի մասին:
Սրանք կադրեր են Ադրբեջանի դպրոցներից մեկից: Աշակերտները, բողոքելով տեղի ունեցածի դեմ, կոտրել են դուռը:
Ալիևը, կարծես, շուտով կարող է ներգրավել ներքին զորքերը, այդ թվում՝ թալիշաբնակ շրջաններում: Աշակերտներն արդեն մասնակցում են բողոքի ակցիաներին, բայց դա հազիվ թե կանգնեցնի իշխանություններին, եթե որոշեն ուժով ճնշել դժգոհությունը»։
Փորձագետի գնահատմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում են բողոքի ալիքը վերագրել Իրանի ազդեցությանը, մինչդեռ իրավիճակը կարող է հասնել ներքին զորքերի կիրառմանը, մասնավորապես՝ թալիշաբնակ շրջաններում։