Հայաստանի միակ կառավարական ինքնաթիռը՝ Airbus A319 ACJ-ը, որը մայիսի 6-ին տեխնիկական սպասարկման նպատակով Երևանից մեկնել էր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա, հինգ ամիս անց՝ հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, վերադարձել է Հայաստան։ Այս մասին գրում է «Հետք»-ը։
1998 թվականին արտադրված և 2007 թվականից Հայաստանում շահագործվող օդանավը պատկանում է պետությանը։ Մինչև 2018 թվականը այն հաշվեկշռում էր նախագահի աշխատակազմում, ապա ամրացվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին։ 2023 թվականի սեպտեմբերից ինքնաթիռը շահագործում է «Ֆլայուան Արմենիա» ընկերությունը։
Կառավարական ինքնաթիռի բացակայության ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ վարչապետն ու նախագահը, օգտվում են մասնավոր փոխադրողների ծառայություններից։ Ըստ հրապարակման՝ այս տարի Նիկոլ Փաշինյանը տարբեր ուղևորությունների ժամանակ օգտվել է կանոնավոր չվերթներից, վարձակալված ինքնաթիռներից, ինչպես նաև բիզնես ջեթից։