ՔՊ-ից ովքեր են ՌԴ «սև» ցուցակում. մամուլ

կողմից admin2

Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու արգելքի է բախվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը։

Պատգամավորը պատվիրակության կազմում պետք է մեկներ Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու միջգերատեսչական համաժողովի, սակայն օդանավակայանում նրան հայտնել են, որ իր մուտքը ՌԴ արգելված է։ Մինչ Բադալյանը հարկադրված է եղել մնալ Հայաստանում, պատվիրակության մյուս անդամներն արդեն մեկնել են Սանկտ Պետերբուրգ և մասնակցում են նախատեսված միջոցառմանը։

Ինչո՞վ է պայմանավորված ռուսական կողմի այս որոշումը, և արդյոք այն քաղաքական ենթատեքստ ունի։

«Ժողովուրդ օրաթերթի» տեղեկություններով՝ այս միջադեպը կարող է կապված լինել Հռոմի ստատուտի շուրջ հայ-ռուսական հարաբերություններում առաջացած լարվածության հետ։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ՌԴ մուտքի արգելքի են բախվել նաև Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանը և Մարինա Ղազարյանը։

Ըստ աղբյուրների՝ սահմանափակումները կարող են պայմանավորված լինել Հռոմի ստատուտի վերաբերյալ նրանց հայտարարություններով և այդ հարցում զբաղեցրած դիրքորոշմամբ։

Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա խոսքը ոչ թե մեկ պատգամավորի հետ կապված առանձին միջադեպի, այլ Հայաստանի իշխանական շրջանակների մի շարք ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին կարող է լինել։

Արդյոք Մոսկվան քաղաքական հայտարարությունների համար անցանկալի է համարում Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչների՞ն։ Ի՞նչ հիմքով են կիրառվել մուտքի արգելքները, և արդյոք ռուսական կողմը պաշտոնապես պարզաբանել է իր որոշումը։

Այս հարցերի պատասխանները դեռևս հայտնի չեն։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode