ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը

կողմից admin3

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եվրոպայում աճում են մտավախությունները, որ ձևավորված կառույցներին փլուզում է սպասում։ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի՝ Ռուսաստանին «թուլացնելու և մեկուսացնելու» փորձերը հակառակ արդյունքն են տվել։ ՆԱՏՕ-ի միասնությունը քայքայվում է, ԵՄ-ն կորցրել է հստակ կողմնորոշիչները, քաղաքական վերնախավերը վարկաբեկվում են, իսկ պոպուլիզմը շաունակում է պառակտել մայրցամաքը։
«Յուրաքանչյուրն իր ծառը թող ջրի»: Սա, կարելի է ասել, հայելային արձագանք է նախագահ Թրամփի վարած քաղաքականությանը, ինչը միաժամանակ արտացոլում է նաև ԵՄ գործող վերնախավերի նկատմամբ անվստահությունը։

Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը, ինչին ԵՄ-ում ոմանք բացահայտորեն հույս էին տածում։
Համաեվրոպական ներուժն այժմ ավելի փոքր ամբողջություն է, քան իր բաղկացուցիչ մասերի հանրագումարը։ Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ն ավելի ու ավելի հաճախ ստիպված են լինում գործ ունենալ ոչ թե միասնական Եվրոպայի, այլ ԵՄ անդամ առանձին պետությունների հետ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր սեփական օրակարգն ու ԵՄ-ից տարբերվող շահերը։

Բարոյական և իրավական սկզբունքների նկատմամբ անտարբեր աշխարհում, որտեղ օրենքն այլևս չի զսպում ուժին, փոքր և միջին երկրները հարկադրված են լինելու կենտրոնանալ ազգային դիմակայունության և գոյատևման վրա։ Դա նրանց մղում է ընդունել իրականությունը, միավորվել փոխադարձ պաշտպանության նպատակով և ձգտել լոգիստիկ ինքնավարության՝ դիվերսիֆիկացնելով առևտրային կապերն ու մատակարարման շղթաները։

Շարունակվող անկայունությունների ու աճող մարտահրավերների աշխարհում՝ «Խորամանկ նապաստակը երեք որջ պետք է ունենա»: Նաև, այլ ելք չի մնում, քան շարունակել զարգացնել ու ավելի շատ միջոցներ ուղղել դեպ զինված ուժերն ու անվտանգությունը:
Բազմակենտրոն աշխարհակարգում պետությունները չեն կարող իրենց թույլ տալ ունենալ հավերժական դաշնակիցներ կամ անփոփոխ թշնամիներ։ Հետևաբար, նրանք կխուսափեն անվերապահ դաշինքներում պարտավորություններ ստանձնելուց և կնախընտրեն ժամանակավոր պայմանավորվածությունները։

Հայաստանի գոյատևման երաշխիքը կլինի նախ և առաջ ռազմավարական մտահաղացումներն ու ինքնիշխան քաղաքական որոշումների կայացման ճկունությունը, ոչ թե նիկոլական ռեժիմի պարտված, կապիտուլյացված ու նսեմացվող անսկզբունքային քաղաքականությունը։
Այսուհետ պետությունները մանևրելու են՝ թույլ չտալու համար այլ երկրների գերիշխանությունը, իսկ համակարգը կարգավորվելու է փոխադարձ վախի, հաշվարկված համագործակցության և շահերի մշտական վերագնահատման միջոցով, այլ ոչ թե «միջազգային իրավունքի» հիման վրա»,- գրել է նա։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode